Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir»- Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին միացաւ համաշխարհային կինոյի լեգենդների շարքին:
Ժամեր առաջ Լոս Անջելէսում մեկնարկել է 2017 թւականի Կինոարւեստի ամերիկեան ակադեմիայի մրցանակաբաշխութիւնը՝ «Օսկար»-ը:
Լաւագոյն օտարալեզու ֆիլմի անւանակարգում յաղթող է ճանաչւել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը:
Յիշեցնենք, որ «Վաճառողը» ֆիլմն իր յաղթարշաւը սկսել էր 2016 թւական Կաննի կինոփառատօնից, ուր նւաճել էր լաւագոյն սցենարի եւ լաւագոյն դերասանի (Շահաբ Հոսէյնի) համար մրցանակները:
Սա անւանի ռեժիսորի երկրորդ «Օսկար»-ն է: 2011 թւականին նրա նկարահանած «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծութիւնը» ֆիլմը նոյնպէս արժանացել էր լաւագոյն օտարալեզու ֆիլմ անւանակարգի «Օսկար»-ին:
Նշենք, որ մրցանակաբաշխութեանը բացակայում էր Ասղար Ֆարհադին: Նա ի նշան բողոքի ընդդէմ Թրամփի ընդունած հակամիգրացիոն օրէնքի, որն արգելում է Իրանի ինչպէս նաեւ 6 մուսուլմանական այլ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, հրաժարւել էր մասնակցել մրցանակաբաշխութեանը: Նման որոշում էր կայացրել նաեւ ֆիլմի դերասանուհի Թարանէ Ալիդուսթին:
Ֆարհադիի փոխարէն մրցանակը ստացել ու նրա պատգամն է ներկաներին փոխանցել իրանցի առաջին տիեզերագնաց Անուշէ Անսարին: