«Իրանական խոհանոցը եւ զբօսաշրջութեան մշակոյթը» խորագրով աւանդական ուտեստների եւ ըմպելիքների փառատօների շարանը կազմակերպւում է Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան կազմակերպութեան նախաձեռնութեամբ՝ նպատակ ունենալով վերականգնելու աւանդական ուտեստների պատրաստման սովորութիւնն ու զարգացնելու զբօսաշրջութեան արհեստը: Միջոցառման կանոնների համաձայն երկրի բոլոր նահանգները բաժանւած են ութ շրջանների, որոնցում առանձնաբար իրականացւում է տեղական մակարդակով փառատօն: Տեղական միջոցառումների արդիւնքում լաւագոյններին արտօնւում է մասնակցելու երկրի մասշտաբով կազմակերպւելիք ընդհանուր ծրագրին:
Սոյն փառատօների շրջագծում ոչ միայն ներկայացւում եւ վաճառքի են հանւում աւանդական ճաշատեսակները, թխւածքներն ու ըմպելիքները, այլեւ կազմակերպիչների յատուկ դասաւորութեամբ կայանում են ուսուցողական աշխատանոցներ եւ գիտական խորհրդաժողովներ:
Ըստ նահանգների բաժանման ձեւաչափի՝ Սպահան, Թեհրան, Ալբորզ, Ղոմ եւ Մարքազի նահանգները ընդգրկւած են 6-րդ շրջանում, որի փառատօնը կայացաւ Սպահան քաղաքի «Չեհելսոթուն» պալատ-թանգարանի շրջափակում, դեկտեմբերի 1-3-ը: Մինչեւ օրս իրականացւել են վեց շրջանների միջոցառումները եւ 7-րդ ու 8-րդ շրջաններինը կը կայանան մինչեւ իրանական ընթացիկ տարւայ աւարտը:
Սպահանում կայացած փառատօնին մասնակցութիւն էին ցուցաբերել նաեւ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնն ու Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղը՝ նպատակ ունենալով պարսիկ հայրենակիցներին, ինչու չէ նաեւ արտասահմանցի զբօսաշրջիկներին ծանօթացնելու հայկական աւանդական խոհանոցն ու մշակոյթը: Փառատօնին անձնական նախաձեռնութեամբ մասնակցել էին նաեւ երկու հայ ձեռներեցներ:
Զոյգ միութիւնների կրպակում ցուցադրւած թխւածքների, կարկանդակների, չրեղէնի եւ ճաշատեսակների շարքում յատկապէս ուշադրութիւն գրաւեցին հայկական՝ եօխան, գաթան ու տոլման: Իսկ որպէս կրպակի յարդարանք Բարեգործական ընկերութեան միջոցով տեղադրւել էր ամանորեայ տօնածառ, որը նոյնպէս արժանացաւ այցելուների ուշադրութեանն ու գնահատանքին:
Կազմակերպիչների հրաւէրով Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ Վարուժ Մինասեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ընկերակցութեամբ դեկտեմբերի 3-ի կէսօրից յետոյ, այցելեց սոյն ցուցահանդէս, որը մօտիկից ականատեսը լինելով միութիւնների իրականացրած աշխատանքին՝ գնահատեց նրանց կատարածը՝ հայկական մշակոյթի եւ խոհանոցի ճանաչեցման ուղղութեամբ:
Հարկ է նշել, որ միութիւնների մասնակցութիւնն ապահովել եւ այդ ուղղութեամբ հարկ եղած համադրութիւնները կատարել էր զբօսաշրջութեան ոլորտում մարկետինգի եւ պրոպականդի մասնագէտ Զոյեա Խաչատրեանը, ով Սպահան նահանգի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան գերատեսչութեան գլխաւոր տնօրէնի հրամանագրով նշանակւել էր որպէս տեղակա փառատօնի ծրագրման եւ մարկետինգի պատասխանատու:
Թղթակից (Նոր Ջուղա)