Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թասնիմ լրատուական գործակալութեան հաղորդման համաձայն, կրօնական փոքրամասնութիւնների հարցերով ԻԻՀ-ի նախագահի յատուկ օգնական հոջջաթ-օլ-էսլամ Իւնեսիի, Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան ղեկավար Աբուզար Էբրահիմի Թորքամանի, Իսլամ աշխարհի հարցերով Իսլամական յեղափոխութեան առաջնորդի խորհրդական՝ այաթօլլահ Թասխիրիի եւ այլ հոգեւորականների ներկայութեամբ այսօր Իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութիւնում կայացել է «Իրանը, կրօնների խաղաղ համակեցութեան բնօրրան» գրքի շնորհանդէսը:

Այս միջոցառմանը Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ասել է. «Իրանը տարբեր կրօնների խաղաղ համակեցութեան բնօրրանն է: Այս գիրքը պատրաստուել է մեր բարեկամների կողմից, որն անդրադառնում է կրօնների համերաշխութեան խնդրին»:

Անդրադառնալով Իրանում կրօնների հազարամեակների հասնող պատմութեանը գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ասել է. «Այս գիրքը կրօնների եւ մշակոյթների իրականութեան առջեւ բացում է մեր աչքերն ու մտքերը: Հրեայ, քրիստոնեայ, ասորի, զրադաշտ եւ մուսուլման եղբայրները դարեր շարունակ այս երկրում ապրել են խաղաղ համակեցութեամբ: Այս կարգի ստեղծագործութիւնները տարբեր կրօնների առջեւ բացում են ժողովուրդների սրտերը եւ գիտութեան ճանապարհով նրանց առաջնորդում են դէպի բարեկամութիւն տանող իմաստնութիւն»: