Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի անդամ՝ Խաչիկ Բաբայանը, տեղեկութիւններ է փոխանցել Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 35­-ամեակին նւիրւած միջոցառումներին իրանահայութեան մասնակցութեան մասին։

Երկուշաբթի կէսօրից յետոյ Թեհրանում, իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական շէնքում Իսլ. Յեղափախութեան յաղթանակի 35-­ամեակի տօնակատարութիւնների առիթով կայացած մամլոյ ասուլիսում, պրն. Խաչիկ Բաբաեանը ողջունելով «Ֆաջր»­ի տասնօրեակը նշել է, որ յաղթութեան տասնօրեակի առիթով, «Արարատ» մարզաւանում կազմակերպւելու են բռնցքամարտի, ֆուտբոլի եւ ֆուտսալի մրցախաղեր, իսկ Չհարմահալ միութիւնում բահմանի 17­ին անց են կացւելու բասկետբոլի խաղեր։

Ըստ Թեհրանի թեմական խորհրդի անդամի՝ բահմանի 18­-ին Րաֆֆի մարզա­-մշակութային համալիրում նոյնպես տեղի են ունենալու բասկետբոլի, ֆուտբոլի, շախմատի եւ բիլիարդի մրցումներ։ Բահմանի 20­-ին Նայիրի մարզա-­մշակութային միութիւնում կայանալու են ֆուտբոլի գաւաթի խաղեր։

Պրն. Խաչիկ Բաբաեանի տեղեկացմամբ՝ յաղթանակի տասնօրեակի օրերին «Աւետիսեան» ազգային ­բարեգործական բուժարանում հիւանդների զննումը անվճար է լինելու։ Նա միեւնոյն ժամանակ տեղեկացրել է, որ բահմանի 17-­ին փոքրամասնութիւնների նահատակների օրւայ առիթով թեհրանահայերը, նահատակաց հարազատների ուղեկցութեամբ այցելելու են նահատակների շիրիմները, որտեղ Հոգեհանգստեան արարողութիւն է տեղի ունենալու, իսկ յաղթանակի տասնօրեակի վերջին օր բահմանի 22-­ին մուսուլման հայրենակիցների հետ համընթաց, իրանահայութիւնը բուռն մասնակցութիւն է բերելու օրւայ շքեղ քայլարշաւին։

Այսօրւայ մամլոյ ասուլիսում Իրանի զրադաշտականների, ասորիների եւ հրեայ համայնքի ներկայացուցիչներն եւս տեղեկացրել են Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 35-ամեակին նւիրւած ձեռնարկներին իրենց համայնքի խուռներամ մասնակցութեան մասին։