Աղբիւր՝ www.armenpress.am

 

Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն օգոստոսի 16-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ կապի եւ տեղեկատուական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հետ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստանի եւ Իրանի միջեւ կապի եւ տեղեկատուական տեխնոլգիաների բնագաւառում համագործակցութեան հարցեր:

Նախարար Վայեզիի խօսքով, հարեւան երկրների, այդ թւում՝ Հայաստանի հետ, յարաբերութիւնների զարգացումն ու ընդլայնումը Իրանի նախագահ Ռոհանիի կառավարութեան արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է:  Դեսպան Թումանեանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիւօրէն համագործակցել Իրանի հետ տեղեկատուական տեխնոլոգիաների եւ ճարտարագիտութեան ոլորտում եւ ակնկալում է իրանական համապատասխան մարմինների աջակցութիւնը:

Նախարար Վայեզին իր լիակատար աջակցութիւնն է յայտնել ՀՀ դեսպանի առաջարկութեան կապակցութեամբ: Նա նաեւ յաւելել է, որ Իրանն ունի մեծ փորձառութիւն հեռահաղորդակցութեան, արբանեակային, ենթակառուցուածքային նախագծեր իրականացնելու գործում եւ պատրաստ է այդ ուղղութեամբ համագործակցել ինչպէս երկկողմ, այնպէս էլ տարածաշրջանային այլ երկրների ընդգրկմամբ՝ բազմակողմ ձեւաչափով: