Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թեհրանում յունիսի 8-9-ը տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարութիւնների հիւպատոսական վարչութիւնների միջեւ խորհրդատւութիւնների տասներորդ նիստը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հայկական պատւիրակութիւնը ղեկավարել է Հայաստանի ԱԳՆ-ի հիւպատոսական վարչութեան պետ Վլադիմիր Կարմիրշալեանը, իրանականը՝ Իրանի ԱԳՆ-ի հիւպատոսական գլխաւոր վարչութեան պետ Ալի Չեգինին:

Երկօրեայ բանակցութիւնների ընթացքում պատւիրակութիւնները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, գոհունակութիւն յայտնել նախորդ հիւպատոսական խորհրդատւութիւնների անցկացման արդիւնքում երկու երկրների միջեւ հիւպատոսական, դատական, կրթական, իրաւապահ, սահմանային եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցութեան զարգացման եւ ընդլայնմանն ուղղւած քայլերի կապակցութեամբ:

Վլադիմիր Կարմիրշալեանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի ԱԳՆ-ի մեջլիսի եւ հիւպատոսական հարցերով տեղակալ Հասան Ղաշղաւիի հետ: Բանակցութիւնների աւարտին պատւիրակութիւնների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման յուշագիր: