Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Մայիսի 24-25-ին աշխատանքային այցով Իրանում գտնուող Հ.Հ.-ի պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցութեան նախարար, բրիգադի գեներալ Հոսէյն Դեհղանի եւ վերջինիս տեղակալ, բրիգադի գեներալ Ֆիռուզ Մասիհ Փուռի հետ:

Ինչպէս հաղորդում են Հ.Հ.-ի Պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից, այցի հիմնական նպատակն է եղել յստակեցնել պաշտպանութեան ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցութեան օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացուելիք միջոցառումները:

«Հանդիպումների ընթացքում քննարկուել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգութեանը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ վերջին զարգացումներին առնչուող հարցեր»,- ասուած է Պ.Ն.-ի հաղորդագրութիւնում:

Տօնոյեանն Իրանի պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցութեան նախարարին է փոխանցել Հ.Հ.-ի պաշտպանութեան նախարարի հրաւէրը` այցելելու Հայաստան: Բրիգադի գեներալ Հոսեյին Դեհղանին ընդունել է Սեյրան Օհանեանի հրաւէրը եւ խոստացել Հայաստան այցելել ընթացիկ տարում:

Այցի ընթացքում կայացած մի շարք այլ հանդիպումների ընթացքում քննարկուել են ռազմական կրթութեան բնագաւառում հայ-իրանական երկկողմ համագործակցութեան ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնաւորապէս մատակարարումների ոլորտում համագործակցութեան զարգացման հնարաւորութիւններին առնչուող հարցեր: