Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան նորանշանակ դեսպան Արտաշէս Թումանեանը, երէկ, իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Իրանի արտաքին գերատեսչութեան ղեկավար՝ Մոհամմադջաւադ Զարիֆին:

Հ.Հ.-ի արտաքին գործերի նախարարութեան մամլոյ հաղորդագրութեան համաձայն, հանդիպման ընթացքում Հ.Հ.-ի դեսպանը Զարիֆին է փոխանցել Հ.Հ.-ի արտգործնախարար՝ Էդւարդ Նալբանդեանի ջերմ ողջոյնները, եւ նշել, որ որպէս դեսպան գործադրելու է առաւելագոյն ջանքերը երկու բարեկամ երկրների միջեւ 23-ամեայ ջերմ դիւանագիտական յարաբերութիւնների խորացման համար:

Արտգործնախարար Զարիֆը նոյնպէս ջերմ է գնահատել Հայաստանի հետ գոյութիւն ունեցող կապերը եւ իր զօրակցութիւնն է յայտնել Հ.Հ.-ի նորանշանակ դեսպանին առաքելութեան իրականացման գործում:

Դեսպան Թումանեանը նշել է, որ իր աշխատանքն ուղղւած է լինելու քաղաքական բարենպաստ պայմաններում տնտեսական յարաբերութիւնների առաւել խթանմանն աջակցելուն:

Նոյն հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել Լօզանում տեղի ունեցած միջուկային բանակցային գործընթացին, որի կապակցութեամբ էլ դեսպան Թումանեանը նշել է, որ Հայաստանը առաջին երկրներից էր, որ ողջունել է բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերւած շրջանակային պայմանաւորւածութիւնը: