Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հինգշաբթի գիշեր Շուեյցրաիայի Լոզանի համալսարանում Ի.Ի.Հ.-ի Ա.Գ.-ի նախարար Մոհամմեդ Ջաւադ Զարիֆը եւ Ե.Մ.-ի արտաքին քաղաքականութեան պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին ընթերցեցին Իրանի եւ 5+1 խմբի միջուկային համատեղ վերջնական հաղորդագրութիւնը:

Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, համաձայն այս հաղորդագրութեան եւ գոյութիւն ունեցող լուծումների շրջագծում միջուկային աշխատանքների հետ առնչուող որեւէ կառոյց կամ աշխատանք չի դադարեցւում, արձակւում եւ կամ առկախւում եւ Իրանի միջուկային աշխատանքները շարուակւում են միջուկային բոլոր կառոյցներում, այդ թւում Նաթանզում, Ֆորդուում, Սպահանում եւ Արաքում:

Այս ընդգրկուն լուծումը երաշխաւորում է Իրանում ուրանի հարստացման ծրագրի շարունակուելը եւ այս հիման վրայ Ի.Ի.Հ.-ն կարող է համատեղ ակտի ընդգրկուն ծրագրի կէտերի համաձայն ատոմակայեաններին անհրաժեշտ վառելիքի ապահովման համար շարունակել միջուկային վառելիքի արդիւնաբերական արտադրութիւնը:

Իրանը նաեւ կարող է հարստացուած ուրանի իր պաշարները յատկացնել ատոմակայեանների վառելիքի արտադրման եւ կամ ուրանի գնման դիմաց դրանք արտահանել միջազգային շուկաներ:

Համաձայն ձեռք բերուած լուծումների Ֆորդուի միջուկային կառոյցը վերածուելու է միջուկային եւ արդիական ֆիզիկայի հետազօտութիւնների կենտրոնի եւ Ֆորդուի կառոյցների կէսը 5+1 խմբի անդամ որոշ երկրերի համագործակցութեամբ յատկացուելու է միջուկային առաջնակարգ հետազօտութիւնների եւ մնայուն իզոտոպների արտադրման, որոնք սպառում ունեն արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան ու բժշկութեան բնագաւառներում:

Ներկայացուած լուծման համաձայն Արաքի ծանր ջրի հետազօտական ռէակտորը շարունակելու է իր աշխատանքը եւ վերամշակման ենթարկուելով համապատասխանեցուելու է օրուայ պահանջներին:

Թափանցիկութիւն եւ վստահութիւն ստեղծելու նպատակով Իրանը կամաւոր կերպով ժամանակաւորապէս գործադրելու է լրացուցիչ արձանագրութիւնը եւ ապա դա ԻԻՀ նախագահի եւ Իրանի իսլամական խորհրդարանի լիազօրութիւնների շրջագծում վաւերացուելու է համաձայն յստակ ժամանակացոյցի:

Ըստ համաձայնեցուած լուծման, համատեղ ակտի ընդգրկուն ծրագիրը գործադրուելուց յետոյ բեկանուելու են Անվտանգութեան խորհրդի բոլոր բանաձեւերը եւ անմիջապէս վերցուելու են Եւրոպայի բազմակողմանի եւ Ա.Մ.Ն.-ի միակողմանի բոլոր տնտեսական ու ֆինանսական, այդ թւում բանկային, ապահովագրական ու ներդրման, ինչպէս նաեւ դրանց հետ առնչուող բոլոր ծառայութիւնների, այդ թւում նաւթի, գազի, պետրոքիմիայի եւ ինքնաշարժաշինութեան բնագաւառներում շրջափակումները:

Նաեւ անմիջապէս եւ համակողմանի կերպով վերացուելու են իրաւաբանական ու իրաւական անձանց, կազմակերպութիւնների, պետական ու մասնաւոր կառոյցների, այդ թւում Կենտրոնական բանկի, ֆինանսական ու բանկային հաստատութիւնների, սուիֆթի, Ի.Ի.Հ.-ի աւիացիայի ու նաւարկութեան եւ նաւթի հետ կապուած նաւարկութեան դէմ Իրանի միջուկային աշխատանքների հետ կապուած շրջափակումները:

Ի դէպ, 5+1 խմբի անդամ երկրներ պարտաւորութիւն են ստանձնել հրաժարուելու միջուկային հարցով նոր շրջափակումների սահմանումից:

Բանակցութիւնների այս փուլն աւարտուելով մօտ ապագայում կը սկսուի մինչեւ յուլիսի 1-ն ընկած ժամանակահատուածում համատեղ ակտի ընդգրկուն ծրագրի նախագծի մշակումը, իսկ դա վերջնական տեսքի բերուելուց յետոյ համատեղ ակտի ընդգրկուն ծրագիրը պիտի վաւերացուի Մ.Ա.Կ.-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի տեսքով: