Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանը, Թեհրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան անձնակազմի ներկայութեամբ դիմաւորեցին ՀՀ նորանշանակ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանին:

Դիմաւորման ժամանակ, որը տեղի ունեցաւ այսօրինակ հիւրերի եւ պաշտօնեաների համար նախատեսւած յատուկ ընդունարանում, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը ծանօթացաւ իրանահայութեանն առնչւող խնդիրներին, ինչպէս նաեւ Իրան-Հայաստան կապերի զարգացմանն ուղղւած աշխատանքներին:

Յիշեցնենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնում՝ ՀՀ ժամանակի դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանի աշխատանքային շրջանն աւարտին հասնելով՝ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեանի հրամանագրով Իրանում՝ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան է նշանակւել պրն. Արտաշէս Թումանեանը (նստավայրը՝ Թեհրան):

Նշենք, որ Արտաշէս Թումանեանը 2000-2006 թթ.-ին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ապա նաեւ Հայ-իրանական բարեկամութեան խմբի նախագահ: Նա հանդիսացել է նաեւ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ: