Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Յունւարի 14-ի առաւօտեան Թեհրանում գտնւող «Հումանիտար գիտութեան եւ մշակութային ուսումնասիրութիւնների գիտահետազօտական կենտրոն»-ում, բացումը կատարւեց հայերէնագիտական ուսումնասիրութիւնների գրասենեակի: Միջոցառման բացմանը Հայաստանից հրաւիրւած դասախօսական պատւիրակութիւնը ղեկավարում էր Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմաբան, պրոֆ. Արամ Սիմոնեանը:

Հանդիպման սկզբում պրոֆ. Սիմոնեանը կարեւորելով Իրան-Հայաստան ջերմ յարաբերութիւնը յոյս յայտնեց, որ որքան շուտ գիտական եւ հետազօտական բնագաւառներում եւս հնարաւոր լինի կարեւոր քայլեր իրականացնել: Նա աւելացրեց, որ Երեւանի Պետական համալսարանը եւ Իրանի հումանիտար ինստիտուտը շատ լուրջ ծրագրեր են մշակելու եւ գործնական համագործակցութիւնը ընդլայնւելու է ի շահ երկու հաստատութիւնների, ի շահ գիտութեան եւ ի շահ երկու ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման:

Պրոֆ. Սիմոնեանը աւելացրեց, որ Երեւանի Պետական համալսարանը բարեկամական կապերի մէջ է Իրանի շատ գործընկերների հետ եւ սերտ համագործակցում է Հայաստանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանատան եւ ի մասնաւորի դեսպանի հետ:

Նա Հայաստան հրաւիրեց գիտահետազօտական կենտրոնի տնօրէնին եւ գիտական կազմին: Հանդիպմանը ներկաներին ողջունեց կենտրոնի տնօրէն դոկտ. Սադեղ Այինեւանդը, որը կարեւորեց հայ պատմաբանների անաչառ մօտեցումը՝ պատմական տւեալները փոխանցելու հարցով:

Հանդիպման ընթացքում առիթ տրւեց թէ՛ հայկական պատւիրակութեանը, եւ թէ՛ իրանական պատւիրակութեան անդամներին արտայայտւելու, որոնք կարեւորեցին երկու հարեւան ու բարեկամ ժողովուրդների պատմա-մշակութային վաղեմի կապերը, ընդգծելով յարաբերութիւնների առաւել ընդլայնումը թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային եւ թէ՛ գիտական բոլոր բնագաւառներում:

Հայաստանի պատւիրակութեանը մաս էին կազմում Պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար, պատմաբան դոկտ. Ալիկ Ղարիբեանը, Պատմութեան ֆակուլտետի դեկան, պատմաբան պրոֆ. Էդիկ Մինասեանը, Արեւելագիտութեան ֆակուլտետի ղեկավար իրանագէտ դոկտ. Գուրգէն Մելիքեանը, Աշխարհագրութեան եւ երկրաբանութեան ֆակուլտետի դեկան պրոֆ. Մարատ Գրիգորեանը, Իրանագիտութեան ամբիոնի վարիչ դոկտ. Վարդան Ոսկանեանը: Հանդիպման ընթացքում պրոֆ. Սիմոնեանը հակիրճ բացատրութիւններ տալով պետական համալսարանի մասին՝ նշեց, որ համալսարանում սկսելու են իսլամագիտութեան ճիւղը եւ քանի որ Հայաստանը իսլամը ճանաչում է Իրանի միջոցով, ուստի այդ հարցը վստահւած է իրանցի գործընկերներին, եւ փոխադարձաբար Իրանում եւս հիմքը կը դրւի Հայագիտութեան եւ Կովկասագիտութեան:

Կայացած հանդիպման ընթացքում արտայայտւեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը: Նա կարեւորելով երկու երկրների սերտ համագործակցութիւնը, ծանրացաւ Իրան-Հայաստան ռազմավարութեան նշանակութեան հարցին: Արտայայտւեց Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որը շեշտադրեց երկու երկրների միջեւ առգոյ գիտական բացի, նաեւ մի շարք բացթողումների վերացումը: Արտայայտւողներից էր նաեւ Իսլ. Ազատ համալսարանի Հայերէնագիտական ամբիոնի վարիչ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը եւ ժամանակի դասախօս դոկտ. Լինա Մելքոմեանը: Միջոցառմանը ներկայ էին Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով կցորդ՝ Սահակ Եղիազարեանը եւ ՀՀ հիւպատոս Գրիգոր Յակոբեանը ու գիտահետազօտական կենտրոնի Հայերէնագիտական ուսումնասիրութիւնների բաժնի տնօրէն Անուշիկ Մելիքեանը, որի անխոնջ ջանքերով՝ հնարաւոր դարձաւ Իրանում նման կենտրոնի հիմնադրումը: