Աղբիւր՝ www.alikonline.ir
"ԱԼԻՔ" - Իրանի մաքսատների եւ տարանցումների գրասենեակի տնօրէն Մոհամմադջաւադ Աթրչեանը յայտարարել է, որ նոյեմբերի վերջից սկսած իրանական կողմը դադարեցնում է Իրանի տարածքում վառելիքի վաճառքը թուրքական բեռնատարներին:
Ինչպէս հաղորդում է "ԻՌՆԱ" լրատւական գործակալութիւնը Աթրչեանը նշել է, որ երկու երկրների միջեւ "վառելիքի գների տարբերութեամբ" սկսւած եւ արդէն որոշ ժամանակ շարունակւող տարանցումների հետ կապւած խնդրից յետոյ կիրառւելու է այն առաջարկը, որով պէտք է Իրան մուտք գործելու պահին կքնւեն թուրքական բեռնատարների վառելիքի բակերը:
Նրա ասութեամբ՝ նոյեմբերի վերջից սկսած Իրանի տարածքում արգելւելու է վառելիք վաճառել կամ լցակայաններում վառելիքով լիցքաւորել թուրքական համարանիշերով բեռնատարները:
Իրանում բեռնատարների համար նախատեսւած վառելիքը, Թուրքիայում եղածի համեմատ, մի քանի անգամ էժան է, ինչի պատճառով, իրանական կողմը թուրքական բեռնատարների համար երկու անգամ բարձրացրել է վառելիքի գինը:
Իրանական կողմի որոշումն Աթրչեանը հիմնաւորել է այն բանով, որ Թուրքիան իրանական բեռնատարների համար իւրաքանչիւր 100 կմ.-ի դիմաց 50 եւրօ է պահանջում վճարել, բայց միաժամանակ չի թոյլատրում, որպէսզի իրանական բառնատարները վառելիք գնեն իր տարածքում:
Թուրքիայի եւ Իրանի միջեւ այդ ճգնաժամը ծագել է այն բանից յետոյ, երբ Թուրքիայի կառավարութիւնը երկու անգամ մեծացրել է իրանական բեռնատարների համար 1994 թւականին երկկողմանի համաձայնութեամբ հաստատւած հարկի չափը՝ խախտելով երկկողմանի պայմանաւորւածութիւնները:
"Եթէ իրանական կողմը նախկինում տարանցիկ բեռնատարների համար վճարում էր 750 դոլար, ապա այժմ այդ գումարը կազմում է 1500 դոլար",- նշել է "ԻՌՆԱ"-ն: