Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը շաբաթ կէսօրից առաջ հանդիպում ու զրոյց են ունեցել Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի հետ։
Այդ հանդիպմանը՝ պրն. Լարիջանին բարձր գնահատելով իսլամական հեղափոխութեան յաղթանակից յետոյ եւ յատկապէս պարտադրւած պատերազմի ժամանակ իրանահայութեան դրական դերակատարութիւնը, ասել է. «Իրանի մուսուլմանների եւ հայ համայնքի միջեւ չափազանց հարազատ եւ բարեկամական յարաբերութիւններ գոյութիւն ունի»։
Նա իր խօսքերում նշել է. «Տերորիստական խմբերը բազում գերխնդիրներ են պարտադրել տարածաշրջանի բոլոր միաստւածեան կրօնների հետեւորդներին եւ սպառնում են բոլոր ազգութիւններին ու հաւատացեալներին»։
Սոյն տեսակցութեան ընթացքում, Վեհափառ Հայրապետն ասել է. «Իրանահայ համայնքը բազում ազատութիւններ է վայելում եւ Իրանի մուսուլման հասարակութեան հետ բարեկամական ու սերտ գոյակցութեան երկարատեւ անցեալ ունի»։
Արամ Ա Վեհափառը, յոյժ նշանակալի եւ ազդեցիկ բնորոշելով տարածաշրջանում ու մասնաւորապէս Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում տերորիստական տեղաշարժերին դիմակայելը, քննադատել է որոշ երկրների բացասական դերակատարութիւնը, ի նպաստ տերորիստական խմբաւորումների հզօրացման։