Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայաստանի եւ Իրանի միջեւ բոլոր այն ծրագրերը, որոնք վերջին 2-3 տարիների ընթացքում սառեցւել էին կամ դանդաղ էին ընթանում, առաջիկայում կը վերսկսւեն: Այս մասին հոկտեմբերի 22-ին Հ.Հ.-ի Ազգային ժողովում կառավարութեան հետ հարց ու պատասխանի ժամանակ նշել է Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանը՝ պատասխանելով անկախ պատգամաւոր Խաչատուր Քոքոբելեանի հարցին՝ կապւած Հ.Հ.-ի վարչապետի՝ Իրան կատարած այցելութեան հետ: «Ես համոզւած եմ, որ Իրանում ունեցած պայմանաւորւածութիւնների ու քննարկումների արդիւնքում բոլոր ծրագրերը տեղից կը շարժւեն»,- նշել է Յովիկ Աբրահամեանը:

Հ.Հ.-ի վարչապետը համոզմունք է յայտնել, որ իր գլխաւորած պատւիրակութեան այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն անցել է արդիւնաւէտ: Նա ընդգծել է, որ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել է Հայաստանի պատւիրակութիւնը, ստացել են դրական պատասխան: «Ես համոզւած եմ, որ առաջիկայում մենք կը զգանք մեր ձեռք բերած պայմանաւորւածութիւնների արդիւնքները»,- ընդգծել է Յովիկ Աբրահամեանը:

Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ երկաթգծի կառուցման խնդրին՝ Հ.Հ.-ի վարչապետը նշել է, որ կայ ընկերութիւն, որն աշխատում է այդ ուղղութեամբ, փնտրում է ներդրումներ, որպէսզի իրականացւի այդ ծրագիրը: «Մենք գիտենք, որ դա շատ կարեւոր խնդիր է մեր տնտեսութեան համար: Իրանի կառավարութիւնն էլ արդէն տւել է իր համաձայնութիւնը, սակայն մենք այս պահին այդ ծրագրի իրականացման համար ֆինանսական բաւարար միջոցներ չունենք: Հէնց լինեն առաջարկներ ֆինանսական կազմակերպութիւնների կողմից, մենք այդ հարցը կը քննարկենք Իրանի իշխանութիւնների հետ, եւ կարծում եմ, որ մենք այդ հարցում խնդիր չենք ունենայ»,- նշել է Հ.Հ.-ի վարչապետը: