ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
Իրանի իսլամական հանրապետութեան նախագահի նստավայրում կայացել է Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանի եւ Ի.Ի.Հ.-ի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Հ.Հ.-ի կառավարութեան ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտօնական այցը կը նպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրաւմանը:
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեանի այցը Ի.Ի.Հ., նշել է, որ այն կը նպաստի հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնների յետագայ խորացմանը՝ տարբեր բնագաւառներում: Ի.Ի.Հ.-ի նախագահի խօսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնութիւններին, ինչպէս նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնաւորապէս էներգետիկ, գիւղա-տնտեսական, մշակութային համագործակցութեան խորացումն ու ընդլայնումը:
Վարչապետ Յովիկ Աբրահամեանը նշել է, որ Հայաստանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը հնարաւորութիւն է ընձեռում ստանձնել այդ կառոյցի անդամների եւ օտարերկրեայ գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարութիւն: Կառավարութեան ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում նպաստաւոր պայմաններ են ստեղծւել ներդրումների համար: Իրանի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարութիւնը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամեանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգաւորմանը Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի շրջանակում: Յովիկ Աբրահամեանը Հասան Ռոհանիին է փոխանցել Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրը` ներկայ գտնւելու 2015 թւականի ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութեանը:
Իրանի նախագահն իր հերթին Հ.Հ.-ի նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում Յովիկ Աբրահամեանն Իրանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր։
Հայաստանի հանրապետութեան վարչապետ Յովիկ Աբրահամեանը եւ Իրանի իսլամական հանրապետութեան առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից յետոյ լրագրողների համար համատեղ յայտարարութիւն են արել հանդիպման արդիւնքների վերաբերեալ:
Վարչապետ Աբրահամեանը նշել է, որ Իրանի իսլամական հանրապետութեան առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջեւ առկայ աւանդական բարեկամական կապերը եւ յանձնառութիւնը՝ էլ աւելի խորացնելու առկայ յարաբերութիւնները փոխգործակցութեան բոլոր ոլորտներում:
Ի.Ի.Հ.-ի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, բարձր գնահատելով տարբեր բնագաւառներում երկկողմ համագործակցութեան մակարդակը, նշել է, որ միջկառավարական յանձնաժողովի նիստում քննարկւելիք հարցերը կը լինեն երկու երկրների ղեկավարների վերահսկողութեան ներքոյ, եւ առկայ խնդիրներն արագ լուծում կստանան:
«Անցած տասնամեակների ընթացքում մեր երկկողմ յարաբերութիւնները լաւ օրինակ կարող են հանդիսանալ տարածաշրջանում»,-ասել է Էսհաղ Ջահանգիրիին: