Աղբիւր՝ www.alikonline.ir
Թուրքիայի խորհրդարանի կողմից Սիրիայում եւ Իրաքում ռազմական գործողութիւններ իրականացնելու թոյլտւութիւն պարունակող մանդատի ընդունումից յետոյ՝ պաշտօնական Թեհրանը զգուշացրել է այդ երկրին՝ տարածաշրջանի ճգնաժամային իրադրութեան առաւել բարդացման կապակցութեամբ:
Այս կապակցութեամբ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար դոկտ. Մոհամմադջաւադ Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չաւուշօղլուի հետ: Ի.Ռ.Ն.Ա.-ի փոխանցմամբ՝ հեռախօսազրոյցի ընթացքում դոկտ. Զարիֆը քննադատել է որոշ երկրների որդեգրած քաղաքականութիւնը, տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի նպատակով, կիրառւող միջոցների վերաբերեալ, եւ մտահոգութիւն է յայտնել այն բոլոր հնարաւոր քայլերի կապակցութեամբ, որոնք կարող են յաւելեալ լարւածութիւն մտցնել տարածաշրջանի ճգնաժամային իրադրութիւնում:
«Տարածաշրջանի երկրները պէտք է պատասխանատւութեամբ մօտենան տեղի ունեցող իրադարձութիւններին եւ չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- ասել է դոկտ. Զարիֆը:
Նշենք, որ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարից բացի՝ Թուրքիան պնդում է Սիրիայի օրինական իշխանութիւնները տապալելու անհրաժեշտութեան մասին: Սա այն դէպքում, երբ Իրանը համարւում է Սիրիայի իշխանութիւնների գլխաւոր դաշնակիցը՝ տարածաշրջանում:
Յիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին, Թուրքիայի խորհրդարանը ձայների 298 կողմ, 98 դէմ յարաբերակցութեամբ, թոյլտւութիւն է տւել ազգային զինւած ուժերը երկրից դուրս կիրառելու եւ երկրի տարածքում արտասահմանեան զօրքերի ներկայութեան համար: Նախօրէին, կապւած Սիրիայում եւ Իրաքում իրավիճակի սրման եւ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման կողմից աճող սպառնալիքի հետ՝ Թուրքիայի կառավարութիւնը դիմել էր խորհրդարանին՝ անհրաժեշտութեան դէպքում միջսահմանային գործողութիւններին թուրքական բանակի մասնակցութեան խնդրանքով, ինչպէս նաեւ՝ թոյլտւութիւն խնդրելով Թուրքիայում օտարերկրեայ պետութիւնների զինւած ուժերի ներկայութեան համար:
Թուրքիայի խորհրդարանի այս որոշմանն անմիջապէս արձագանգել է պաշտօնական Դամասկոսը: Սիրիայի փոխարտգործնախարար Ֆէյսալ Միքդաթը յայտարարել է, որ Սիրիայի տարածքում, թուրքական բանակի որեւէ գործողութիւն Դամասկոսի կողմից կը դիտւի որպէս յարձակում: Նա Թուրքիային եւ Սաուդական Արաբիային մեղադրել է Սիրիա ահաբեկիչ գրոհայիններ ուղարկելու, եւ նրանց զինելու մէջ:
Իրանից ու Սիրիայից բացի՝ Թուրքիայի խորհրդարանի որոշմանն արձագանգել է նաեւ պաշտօնական Վաշինգտոնը: Այս կապակցութեամբ պետքարտուղարութեան խօսնակ Ջէն Սակին յայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանի որոշումն ապացուցում է, որ Թուրքիան ցանկանում է առաւել ցայտուն դերակատարութիւն ստանձնել «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարի նպատակով ձեւաւորւած միջազգային կոալիցիայում:
Իրեն ուշացնել չի տւել նաեւ Իրաքի քաղաքական ուժերի արձագանգը: Մասնաւորապէս, Բաղդադում, «Իսլամական պետութեան» դէմ պայքարի հարցերն համադրող գեներալ Ջան Ալէնի հետ հանդիպման ժամանակ, «Իրաքի իսլամական բարձրագոյն խորհրդարան»-ի ղեկավար Ամմար Հաքիմը, խօսելով երկրում ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի անհրաժեշտութեան մասին, անուղղակիօրէն անդրադարձել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի վերջին որոշմանը:
Նա ասել է, թէ «Իսլամական պետութեան» դէմ պայքարի նպատակով միջազգային հանրութեան օգնութիւնները պէտք է սահմանափակւեն հետախուզական տւեալների փոխանակմամբ, անհրաժեշտ սպառազինման ապահովմամբ եւ աւիահարւածներով:
Անդրադառնալով Իրաքի տարածքում ահաբեկիչ գրոհայինների դէմ երրորդ երկրի ցամաքային ուժերի ռազմական գործողութիւնների հնարաւորութեանը, Ամմար Հաքիմը բացառել է այն, նշելով որ՝ ահաբեկիչների դէմ պայքարում հիմնական դերը վերապահւած է Իրաքի ռազմական ուժերին, ինչպէս նաեւ՝ աշխարհազօրայիններին:
Արդէն յայտնի է, որ առաջիկայ օրերին Ա.Մ.Ն.-ն ու Թուրքիան կը քննարկեն «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարելու հետ կապւած հարցերը:
Այդ կապակցութեամբ, առանձին այցերով, Թուրքիա են ժամանելու «Իսլամական պետութեան» դէմ պայքարի հարցերն համադրող գեներալ Ջան Ալէնը, ով գտնւում է տարածաշրջանում, եւ Ա.Մ.Ն.-ի պետքարտուղարի ազգային անվտանգութեան հարցերով օգնականի տեղակալ Բրէթ ՄքԳըրկը: