ԱՅԱԹ. ՌԷՅԻՍԻՆ ՈՒՂՂԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ. Նախագահից բացի զոհւել են նաեւ ԱԳ նախարարը, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետը եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետը
Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղօթապետ այաթ. Սէյէդ Մուհամմադ Ալի Ալ Հաշեմը եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթին զոհւել են նախօրէին տեղի ունեցած ուղղաթիռի վթարի պատճառով: alikonline.ir-ը։
Յիշեցենք, որ երէկ՝ միջօրէին, Հանրապետութեան նախագահին եւ նրան ուղեկցողներին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկւել Արեւելեան Ատրպատականի Վարզաղան շրջանում։
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը Թաւրիզ էր վերադառնում Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ջրամբարտակի բացումից յետոյ:
Նախնական տւեալներով` վթարը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Վթարից անմիջապէս յետոյ ամենաբարձր մակարդակով կազմակեպւել են որոնողա-փրկարական աշխատանքերը: Դրանք համադրելու նպատակով, փոխնախագահը եւ կառավարութեան որոշ անդամներ մեկնել էին Թաւրիզ, իսկ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Հոսէյն Բաղերին հրամայել էր ԶՈՒ-ին մոբիլիզացնել բոլոր ստորաբաժանումները աշախատանքներն արագցնելու համար: Կարմիր մահիկն էլ դէպքի վայր էր ուղարկել 40 փրկարարական եւ արագ արձագանգման խմբեր։
Որոնողա-փրկարարական աշխատանքները չափազան դանդաղ են ընթացել՝ ԽԻՍՏ անբարենպաստ եղանակային պայմանների եւ թանձր մառախուղի պատճառով:
Այսօր՝ վաղ առաւօտեան փրկարարներին յաջողւել է պարզել ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը եւ հասնել այնտեղ: Ինքնաթիռն ամբողջութեամբ այրւած է եղել: Դէպքի վայրում, դժբախտաբար ողջ մնացածներ չեն յայտնաբերւել:
Ուղաթիռում, Հանրապետութեան նախագահից, ԱԳ նախարարից, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթքի աղոթապետից եւ Արեւելեան Ատրպատականի նահանգապետից բացի եղել են նաեւ ուղղաթիռի անձնակազմը եւ անվտանգութեան աշխատակիցներ, որոնք նոյնպէս զոհւել են:
Հանրապետութեան նախագահի կենսագրական գծերը
Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ծնւել էր 1339 թւականին (1960 թ.), Մաշհադում:
Նախնական ուսումը ստացել է տեղի դպրոցներում, որից յետոյ սովորել է Մաշհադի եւ Ղոմի հոգեւոր վարժարաններում:
Հոգեւոր վարժարաններում ուսանելու տարիներից ակտիւ մասնակցել է Իրանի նախկին՝ թագաւորական ռեժիմի դէմ ժողովրդական պայքարներին: Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ, ներգրաււել է երկրի դատական համակարգում՝ ստանձնելով տարբեր պտասխանատու պաշտօններ:
1383-1393 թթ. (2004-2014 թթ.) եղել է Դատական ուժի առաջին տեղակալը, 1393-1394 թթ. (2014-2016 թթ.) զբաղեցրել է երկրի Գլխաւոր դատախազի պաշտօնը, իսկ 1397 թւականին (2019 թ.), Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հրամանագրով նշանակւել է դատական ուժի ղեկավար, եւ այդ պաշտօնը զբաղեցրել է մինչ 1400 թւականը (2021 թ.):
1400 թւականին (2021 թ.) մասնակցել է Իրանի 13-րդ նախագահական ընտրութիւններին եւ ստնալով աւելի քան 18 մլն. քւէ (ձայների 62.9%), ընտրւել է նախագահի պաշտօնում:
Նախագահի պաշտօնը զբաղեցնելուց բացի, այաթ. Ռէյիսին եղել է նաեւ Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհրդի եւ Բանիմացների ժողովի 4-րդ եւ 5-րդ նստաշրջանների անդամ: