Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ստրասբուրգում Եւրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանին Ադրբեջանի նախագահի ունեցած ելոյթն ուղեկցւել է բողոքի ակցիայով: Հենց "Եւրոպայի պալատի" դահլիճում մի խումբ ադրբեջանցի քաղաքական փախստականներ իրենց բողոքն են յայտնել՝ բերանները սեւ կտորով կապելով եւ քաղբանտարկեալների նկարներով վերնաշապիկներ հագնելով: Իլհամ Ալիեւը, ինչպէս սպասւում էր, քննադատական խօսքեր է ասել Հայաստանի հասցէին: Նա պնդել է, թէ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը ստեղծւել է Ադրբեջանի տարածքների վրայ, ապա ասել. "Ձեր ինչի՞ն է պէտք է հայկական երկրորդ պետութիւնը: Մի՞թէ ձեզ չի բաւարարում մէկը: Ի վերջոյ, դա բերում է աղէտի եւ փլուզման": Ելոյթից յետոյ եւրախորհրդարանականների տւած 9 հարցերը հիմնականում վերաբերում էին քաղբանտարկեալների, ակտիւիստների եւ լրագրողների ձերբակալութեանը, հաւաքներ կազմակերպելու եւ խօսքի ազատութիւնների սահմանափակմանը: Ալիեւը յայտարարել է, թէ Ադրբեջանում իրենց մասնագիտական գործունէութեան համար ձերբակալւած լրագրողներ չկան: Իրաւապաշտպան Լեյլա Իւնուսի ձերբակալութեան դրդապատճառի մասին հարցին ի պատասխան Ալիեւն ասել է, թէ նա ուզում էր փախչել, եւ նրա դէմ համապատասխան միջոցներ են կիրառւել: Նա նաեւ մատը թափ է տւել բրիտանացի պատգամաւորի վրայ, երբ վերջինը հարց է ուղղել նախագահի ընտրութիւնների կեղծման վերաբերեալ, եւ նրան ստելու մէջ մեղադրել: Ի դէպ, հայաստանեան պատւիրակութեան անդամներից որեւէ մէկն Ալիեւին հարց չի ուղղել: