Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ 13 պատմական վայրեր ներառւել են ԻՒ.Ն.Ե.Ս.Ք.Օ.-ի համաշխարհային ժառանգութեան պահպանման ժամանակաւոր ցանկի վրայ: «Ակօս»-ի աշխատակից Բագրատ Էսդուգեանի համաձայն՝ այդ վայրերից երկուսը Կիլիկիայի թագաւորութեան կարեւոր նմոյշներ են՝ Ադանայի մերձակայ «Անաւարզա» (Անարզաբա) ամրոցը եւ Մերսինի «Քըզ Գալեսի»-ն (Քորիկոս), որոնք Կիլիկիայի հայկական թագաւորութեան շրջանից հասել են մեզ, սակայն նախարարութեան լուսաբանութեան մէջ այդ մասին որեւէ նշում չի կատարւել:

Անաւարզա պատմական քաղաքի կառուցման թւականը ճշդւել է Ն.Ք. 19-րդ դարը։ Այնտեղ գտնւող Լեւոն Բ թագաւորին վերագրւած միջնաբերդի ու պարիսպների մասին գրւել է. «Ադանայի շրջակայքում եզակի միջնադարեան ամրոցը՝ իր երեք մուտքերով ու յաղթանակի կամարով, դաշտի կենտրոնում մի կղզու նման բարձրացող բլուրի վրայ է գտնւում»:

Տարածաշրջանի պատմութիւնը հետեւեալ կերպով է ծանօթացւում Պոլսի համալսարանի գրական բաժնի դասախօսներից պրոֆ. Մուսթաֆա Համդի Սայարի կողմից. «1137-ին, Բիւզանդիոնի Եոհաննէս Կոմնենոս Բ կայսրը 37 օրւայ շրջապատումից յետոյ յաջողւեց գրաւել (տարածաշրջանը): 1188-ին, Լեւոն Բ ժայռաբլուրի վրայ կառուցեց ամրոցը, որ մինչեւ օրս լաւագոյն ձեւով պահպանւել է: 1279-ին, թիւրքմէնները փորձեցին քաղաքը գրաւել»:

Ինչպէս տեսնւում է, այստեղ նշւել է Լեւոն Բ-ի անունը, սակայն՝ առանց նշելու նրա Կիլիկիայի հայոց արքայ լինելը:

Թագաւորութեան կարեւորագոյն նաւահանգիստ Քորիկոսի պաշտպանութեան համար, 1199-ին կառուցւել է Քըզ Գալեսին, որի հայկական պատկանելիութեան մասին եւս նշում չենք տեսնում նախարարութեան կայքէջի վրայ: Թէեւ նշւել է, որ Քըզ Գալեսի ամրոցը 1199-ին կառուցւել է Լեւոն Ա-ի կողմից, սակայն նոյնպէս անտեսւել է նրա հայոց թագաւոր լինելու իրողութիւնը:

Պոլսի Քըզ Գուլեսիի առասպելի նմանը պատմւում է նաեւ Մերսինի Քըզ Գալեսիի մասին, ըստ որի՝ գուշակները թագաւորին յայտնել են, որ իր միակ դուստրը թունաւորւելու է մի օձի խայթոցով: Գուշակութեան ազդարարած չարիքը կանխելու համար, թագաւորը ծովի վրայ մի պատսպարան է կառուցում աղջկայ համար, բայց միրգերի կողովի մէջ թաքնւած մի օձ խայթում է նրան: