Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Առողջապահութեան նախարար Բահրամ Էյնօլլահին, երէկ՝ դեկտեմբերի 25-ին այցելել է «Ա. Աւետիսեան» ազգ. բուժարան: Հաղորդում է «alikonline.ir»-ը:
Այցելութեան ընթացքում ներկայ են եղել Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, ազգ. առաջնորդարանից, եւ ազգային մարմիններից ներկայացուցիչներ:
Նախարարը շրջել է բուժարանի տարբեր բաժիններով, ներկայ է գտւել կենտրոնի պատասխանատուների շրջանակում, շնորհաւորել է Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ շնորհակալութիւն է յայտնել մատուցած ծառայութիւնների համար:
Նա յատուկ կարեւորել է բուժաշխատողների ծառայութիւնները՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարութեան համար հասարակութեան տարբեր շերտերի միջեւ տաբերութիւն չկայ: Անդրադառնալով իր այցի նպատակին նախարարն ասել է, որ եկել է ծանօթանալու առողջապահութեան ոլորտին առնչւող քրիստոնեայ հայրենակիցներին յուզող հարցերին:
Նա մասնաւորապէս շեշտել է ծառայութիւնների մատուցման որակի բարելաււման անհրաժեշտութիւնը:
Նշենք, որ բուժարանի պատասխանատուները նախարարի հետ կիսել են «Ա. Աւետիսեան» բուժարանի զարգացման վերաբերեալ իրենց յուզող հարցերը, եւ նախարարն իր հերթին խոստացել է ջանքեր գործադրել խնդիրների լուծման ուղղութեամբ:
Յատկանշական է, որ ԱՆ նախարարին ուղեկցել են «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտութիւնների համալսարանի նախագահ դոկտ. Ալիռեզա Զալին, առողջապահութեան նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան կենտրոնի ղեկավար ճրտգ. Մոհամմադ Հաշեմին։