Աղբիւր՝ www.asbarez.com
Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, որ հինգշաբթի՝ յունիսի 19-ին, Միացեալ նահանգների Ծերակոյտի Յատկացումների յանձնախումբը 25 կողմ եւ 5 դէմ քւէների մեծամասնութեամբ հաւանութիւն է տւել 2015-ի ամավարկի (FY15) արտասահմանեան օգնութիւններին, որոնց մէջ դարձեալ հաստատւում է Լեռնային Ղարաբաղին ամերիկեան օգնութիւն ցուցաբերելու երկարամեայ ծրագիրը:
Յանձնախումբն առաջարկել է օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի զոհերին՝ նախորդ տարիների համապատասխան չափով, միաժամանակ՝ հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը կոչ անելով: Արցախին տրամադրւելիք գումարը ցարդ չի որոշւել:
Լեռնային Ղարաբաղը Եւրոպայի եւ Հարաւային ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից օգնութիւն ստացող 7 երկրներից մէկն է, որ յատկապէս յիշատակւել է քննարկման ժամանակ:
Ծերակուտականները հաւանութիւն են տւել Հայաստանին տրամադրւելիք օգնութեան այն գումարին, որ առաջարկել էր նախագահ Բարաք Օբաման (20.7 միլիոն դոլար՝ Հայաստանի տնտեսութեան զարգացման, 1.7 միլիոն դոլար՝ իբրեւ ռազմական օգնութիւն եւ 600,000 դոլար՝ հայ զինւորների մարզումի համար): Օբաման նաեւ առաջարկել էր պահպանել Հայաստանին եւ Ատրբեջանին ցուցաբերւած ամերիկեան ռազմական օգնութեան հաւասարութիւնը:
Ծերակուտականների առջեւ մի ելոյթի ընթացքում, Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի կառավարական հարցերի վարիչ Քէյթ Նահապետեանն ընդգծել էր, որ Արցախին պէտք է առնւազն 5 միլիոն դոլար օժանդակութիւն տրամադրւի, իսկ Հայաստանին՝ 40 միլիոն դոլար: Նա աւելացրել էր, որ առեւտուրը եւ ներդրումները պէտք է աճեն՝ Հայաստանին տրամադրւող տնտեսական օգնութեան կողքին: Նա շեշտել էր նաեւ, որ Վրաստանին տրամադրւող օժանդակութեան առնւազն 10 տոկոսը պէտք է տրամադրւի Ջաւախքի հայութեանը: