Աղբիւր՝ www.alikonline.ir
Ադրբեջանի «Խաղաղութեան եւ ժողովրդավարութեան ինստիտուտի» տնօրէն, իրաւապաշտպան Լէյլա Իւնուսը Ն.Ա.Տ.Օ.-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել,- տեղեկացրել է «haqqin.az»-ը:
Ընդմիջման պահին Իւնուսը սեմինարի արտասահմանցի մասնակիցներին տեքստ է բաժանել, իսկ նրա կողմնակիցները պաստառ են պարզել, որտեղ գրւած է եղել. «Ազատութիւն՝ խղճի բանտարկեալներին»: «Ի՞նչ եւրոինտեգրման եւ կայունութեան մասին էք խօսում, երբ երկրում քաղաքական ճնշումների 130 զոհեր կան»,- դիմելով հիւրերին՝ ասել է Իւնուսը:
Դիմելով օտարերկրեայ պատւիրակներին՝ նա նշել է, որ Ադրբեջանում առկայ կոռուպցիայի եւ աւտորիտար ռեժիմի պայմաններում երկիրն ապագայ չունի:
«Ամէն տարի բռնութիւնների հետեւանքով՝ 10 հոգի են մահանում Ադրբեջանում եւ այդ յանցագործութիւնների հետեւանքով՝ որեւէ մէկը պատասխան չի տալիս: Ադրբեջանի դատական համակարգը կոռումպացւած է եւ գտնւում է գործադիր իշխանութեան վերահսկողութեան ներքոյ»,- ասել է նա: Իւնուսը ներկաներին հաճելի թէյախմութիւն է մաղթել՝ միաժամանակ նշելով, որ Ալիեւի ռեժիմը ոչնչացնում է ժողովրդավարութեան գաղափարը՝ ներկաների լուռ համաձայնութեամբ: