Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայի Հաթայ, Այնթապ, Ուրֆա եւ Քիլիս շրջանների սահմանից գաղտնի խողովակներով Իրաքի շրջանները գրաւած զինեալներն իրենց վերահսկողութեան տակ անցած հորերի նաւթն ու նաւթամթերքը Թուրքիային են ծախում եւ 800 մլն. դոլար աշխատում:

Ինչպէս տեղեկացրել է թուրքական «Թարաֆ» թերթի կայքը, այդ մասին ահազանգել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան Հաթայ նահանգից ընտրւած պատգամաւոր Մեհմեդ Ալի Էդիբօղլուն:

«Դա ողջ աշխարհին սպառնալիքի տակ պահող ահաբեկչական խմբաւորում է: Նրանք հեշտութեամբ մարդ են սպանում՝ հաւատալով, որ դրանից յետոյ դրախտում են յայտնւելու: Այդպիսի խմբաւորումն ամէն պահի կարող է Թուրքիային վնաս հասցնել»,- ասել է պատգամաւորը՝ կոչ անելով չափազանց զգուշաւոր լինել:

Նա նշել է, թէ այդ խմբաւորման անդամները Թուրքիայում իշխող ռեժիմն իսլամի օրէնքներից դուրս են համարում եւ այն, ինչ այսօր տեղի է ունում Իրաքում, կարող է կրկնւել նաեւ Թուրքիայում:

Էդիբօղլուն ասել է, թէ խմբաւորումն իր գրաւած տարածքներում՝ Սիրիայի Ռումայլանից եւ Իրաքի Մուսուլից արդիւնահանւած նաւթը Թուրքիային է ծախում: Հաթայի սահմանին մօտ գիւղերում խողովակաշարեր են կառուցւում:

Նմանատիպ խողովակներ կան նաեւ Քիլիսում, Ուրֆայում եւ Գազիայնթապում: Նաւթամթերքը Թուրքիա արտահանելով՝ մեծ գումարներ են աշխատում:

Ընդդիմադիր պատգամաւորն ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ Թուրքիան աչք է փակում իր տարածքով Եւրոպայից, Չեչնիայից մեծաթիւ զինեալների Սիրիա եւ Իրաք մտնելու վրայ: Նրանց օգնում են առնւազն 1000 թուրքեր: «Դա առանց թուրքական յատուկ ծառայութիւնների գիտութեան տեղի ունենալ չէր կարող»,- ասել է Էդիբօղլուն:

Յայտնի է, որ «Ալ Ղայիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ Նուսրայի ճակատ» խմբաւորումը եկամուտ է ստանում Թուրքիայում ապօրինի ճանապարհով վաճառւող նաւթից ու բենզինից:

Շուրջ 2000 հոր վերահսկող կազմակերպութիւնն օրական 1500 տոննա մաքսանենգ նաւթ է մտցնում Թուրքիա: Դա Թուրքիայում իրացւող նաւթի 3.5%-ն է: