Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանը, ըստ ամերիկացի սենատոր Բենջամին Քարդինի՝ սխալ ուղղութեամբ է շարժւում: Սա Միացեալ նահանգների Հելսինկեան յանձնաժողովի նիստում Ադրբեջանի վերաբերեալ ասւած միակ բացասական խօսքը չէ:

Քարդինը նաեւ ասել է՝ իրենց մտահոգութիւնն այն է, որ այդ երկիրը Ե.Ա.Հ.Կ.-ի եւ Եւրոպայի խորհրդի առջեւ ստանձնած իր պարտաւորութիւնները կատարելու փոխարէն աւելի ու աւելի է շրջւում դէպի աւտորիտարիզմ:

Իսկ Միացեալ նահանգների պետքարտուղարի փոխօգնականներից Թոմըս Մելիան յիշեցրել է Ադրբեջանում յայտնի իրաւապաշտպան Լէյլա Իւնուսից եւ նրա ամուսնուց անձնագրերն առգրաւելու, ինչպէս նաեւ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալութեան դէպքերը: Այնուհետեւ նա նշել է, թէ այս երեքը հասարակութիւնների միջեւ շփումների կողմակից են եղել, իսկ դա կարեւոր է Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար, ինչպէս նաեւ նպաստում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ կապերի հաստատմանը:

Պետքարտուղարութեան մէկ այլ ներկայացուցիչ՝ Էրիկ Ռուբինը, յաւելել է, որ Միացեալ նահանգները կողմերից այս տարի առաջընթաց է ակնկալում: