Աղբիւր՝ www.asbarez.com

 

Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարարութեան ներկայացուցիչ Ջեն Փսաքին արտայայտւել է Հայաստանի հասցէին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքների մասին: Ըստ նրա՝ Իլհամ Ալիեւի բորբոքւած հռետորաբանութիւնն ու յայտարարութիւններն անտեղի կերպով լարւածութիւնը են սրում տարածաշրջանում՝ վնաս հասցնելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին:

Պատասխանելով Իլհամ Ալիեւի կողմից կատարւած եւ Հայաստանին «մութ ապագայ» խոստացող յայտարարութեանը՝ Փսաքին ասել է. «Իբրեւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբակի համանախագահ, հաստատում ենք մեր պատրաստակամութիւնը՝ նպաստելու կողմերին, որպէսզի նրանք ղարաբաղեան խնդրի խաղաղ կարգաւորման հասնեն: Համանախագահ երկիրների նախագահների եւ Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբակի միջնորդների 2009-2013 թւականների յայտարարութիւններում բազմիցս ասւած է, որ խաղաղ կարգաւորումը պէտք է հիմնւած լինի Մ.Ա.Կ.-ի կանոնադրութեան ու Հելսինքիի եզրափակիչ յայտարարութեան, մասնաւորապէս՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան ու ազգերի ինքնորոշման վրայ: Մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցութիւնների սեղանի շուրջ եւ կենտրոնանալ տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղութիւն ապահովող ջանքերի վրայ»:

Ալիեւը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտօնատարներ տարիներից ի վեր պատերազմով են սպառնում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Ռազմատենչ յայտարարութիւններին զուգահեռ, ադրբեջանական բանակը շարունակաբար խախտում է հրադադարը՝ Արցախի զինւորական ուժերի հետ շփման գծի եւ Հայաստանի հետ սահմանի վրայ, գնդակոծելով ոչ միայն մարտական դիրքեր, այլեւ՝ սահմանամերձ գիւղեր: