Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Տարածաշրջանային այցի շրջանակում Բաքւում գտնւող՝ Շւէյցարիայի արտգործնախարար, Ե.Ա.Հ.Կ.-ի նախագահ Դիդիէ Բուրկհալտերը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ:

Ե.Ա.Հ.Կ.-ի տարածած հաղորդագրութեան մեջ ասւում է, որ դիւանագէտն Ալիեւի հետ «քննարկել է կառոյցի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցութեան նոր ասպեկտները եւ կոչ է արել Ղարաբաղի հակամարտութեան լարւածութիւնը նւազեցնող միջոցներ ձեռնարկել»: Նոյն աղբիւրի համաձայն՝ Բուրկհալտերը խրախուսել է Ալիեւին՝ քայլ առ քայլ շարժւել խաղաղ կարգաւորման ուղղութեամբ:

Ե.Ա.Հ.Կ.-ի նախագահը հակամարտութեան կողմերին կոչ է արել խստօրէն պահպանել հրադադարի պայմանագիրը, մշակել միջադէպերի հետաքննութեան մեխանիզմ, խրախուսել մարդկանց միջեւ շփումները եւ համաձայնել վստահութեանը նպաստելիք միջոցառումներին:

Այսօր երեկոյան Բուրկհալտերն ուղեւորւում է Վրաստան, իսկ յունիսի 4-ին իր այցը կեզրափակի Երեւանում: