Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Հայ Թերթ»-ը հաղորդում է, որ Թուրքիայի խորհրդարանում Վանից ընտրւած քիւրտ երեսփոխան Էօզալ Ուչերը Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը երկու հարցում է ներկայացրել` Վանի պատմական ժառանգութիւնը զբօսաշրջային նպատակներով օգտագործելու համար:

Այանիսի բերդի եւ պատմական եկեղեցիների մասին նախարար Էօմեր Չելիքին տեղեկութիւններ տւած Ուչերը փափագել է տեղեկանալ աշխատանքների ընթացքի մասին:

Նա յիշեցրել է, որ Վանայ լճի յարակից բարձունքների վրայ գտնւող Այանիսի բերդի տարածքում իրականացւող հնագիտական պեղումները 25 տարի առաջ տեղի են ունեցել, իսկ ամրոցը նկատւում է Ուրարտուի թագաւորութեան կառոյցներից մէկը:

Ուչերի միւս առաջարկն աւերակի վերածւած հայկական եկեղեցիներն են եղել: Նա յատկապէս մատնանշել է այն, որ Մարիամ Աստւածածին եկեղեցին բախտի քմահաճոյքին է յանձնւել:

«Վանի կենտրոնից տասը քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնւող Վերին Պաքրաչլը գիւղում` Վարագայ լեռան փէշերին ժամանակի ամենից հարուստ վանքերից մէկն է գտնւում` Վարագայ վանքը, որ եօթը առանձին եկեղեցիներից է բաղկացել: Այդ կառոյցները տարբեր ժամանակաշրջանների ընթացքում կառուցւել են եւ կցւել վանական համալիրին»,- յիշեցրել է երեսփոխանը:

Ամէն տարի տասնեակ հազարաւոր զբօսաշրջիկներ այցելում են այդտեղ: Տարիներ շարունակ անխնամ մնացած համալիրը թռչունների համար բոյն է դարձել, իսկ ներսը` ցեխով լցւել:

2011-ի երկրաշարժի պատճառով մասնակիօրէն փլուզւած եկեղեցու վերակառուցման աշխատանքները չեն սկսւել:

Երեսփոխանը պատմական մանրամասնութիւններ է ներկայացրել վանքին մասին, եւ հարցրել նախարարին, թէ արդեօք ի՞նչ պատճառաբանութեամբ վանքի վերակառուցման աշխատանքները տակաւին չեն սկսել: