Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի հիւսիս-արեւմտեան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհութիւնն են յայտնել հայկական զինւած ուժերի գործողութիւնների կապակցութեամբ. ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ յայտնում է Yerkir.am-ը:

Թուրքիայի նախագահ Էրդողանի խօսափող համարւող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպէս նաեւ Թուրքիայի քաղաքացիներ եւ Թուրքիայում ուսանող օտարերկրացիներ։

Բողոքի յիշեալ երթը կազմակերպել է «Էսքիշեհիրի ադրբեջանական միութիւնը», որի ղեկավար Ջաւիդ Այդընը երթի աւարտին տւել է մամուլի ասուլիս եւ կրկնել թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը՝ կապւած Ղարաբաղի եւ հայկական այլ պատմական հողերի հետ։ Այդընը շեշտել է նաեւ, թէ հայկական լոբբիստական ուժերը աշխարհով մէկ հակաթուրքական արշաւներ են իրականացնում։

Բողոքի երթի մասնակիցները վանկարկել են հակահայկական լոզունգներ եւ հնչեցրել Հայաստանի դէմ ուղղւած կոչեր։