Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ցեղասպանութեան մասին իր ցաւակցական յայտարարութեան մէջ դարձեալ պնդել էր, որ Թուրքիայի արխիւները բաց են բոլոր հետազօտողների համար՝ ասելով. «Այսօր մեր արխիւների մէջ գտնւող հարիւր հազարաւոր փաստաթղթեր կարելի են օգտագործւել բոլորի կողմից»:

Սակայն, «Ակօս» շաբաթաթերթի կայքը տեղեկացնում է, թէ պատմաբաններ Թաներ Աքչամը եւ Այհան Աքթարն ընդգծել են, որ արխիւային փաստաթղթերից շատերը կարելի չէ ուսումնասիրել:

Աքչամ ասել է, որ վարչապետի նշեալ յայտարարութիւնն իրականութեան չի համապատասխանում եւ շեշտել է, թէ գլխաւոր դատախազութեան ռազմական բնոյթի արխիւները թէեւ առեւերոյթ բաց են, սակայն նրանցից կարելի չէ օգտւել:

Աքչամն ապա աւելացրել է, թէ նախ վարչապետը, ապա կառավարութիւնն ու հանրութիւնը պէտք է յստակօրէն տեղեակ լինեն, որ այդ արխիւը, որ բոլոր ռազմական միաւորումների, ինչպէս նաեւ Էնւեր փաշայի եւ Թալէաթ փաշայի ներքին հրամաններն ու գրագրութիւններն են պարունակում, շատ կարեւոր է Հայոց ցեղասպանութիւնը լուսաբանելու համար: «Առանց նրանց, բոլոր աշխատանքները կիսատ եւ միակողմանի կը լինեն, եւ ցարդ այդպէս էլ են: Վարչապետի յայտարարութեան մէջ այդ շատ կարեւոր կէտը՝ «բաց արխիւները», կարելի չէ իրականութիւն նկատել, քանի որ այնտեղ գտնւած բոլոր նիւթերն ուսումնասիրութիւնների համար բաց չեն եւ հասանելի չեն պատմաբաններին»,- ասել է նա:

Աքթարն եւս համամիտ է Աքչամի հետ: Նա անիմաստ է նկատում այն յայտարարութիւնները, թէ այդ արխիւներն ամբողջութեամբ բաց են: «Արտաքին գործոց նախարարութեան արխիւն ամբողջութեամբ փակ է: Գլխաւոր դատախազութեան արխիւը միայն թղթի վրայ բաց է: Այդտեղի փաստաթղթերի բնօրինակները տեսնելն անկարելի է: Կանխակալ վերաբերմունք կայ. նրանք ցոյց են տալիս այն՝ ինչ յարմար են գտնում: Ես անգլիական պաշտօնական արխիւների մէջ Համաշխարհային Բ պատերազմի տարիներին վարչապետ Վինսթոն Չըրչիլի նամակներն ու գրութիւնները կարդացել եմ: Ոչ ոք չի արգիլել: Թուրքիայում ոչ ոք թող չասի, որ արխիւները բաց են կամ լաւապէս աշխատում են: Աշխարհի ոչ մէկ արխիւի մէջ ամէն ինչ կարելի չէ գտնել: Ամէն տեղ էլ որոշ վարագոյր կայ, սակայն կարեւորն այն է, որ քանի՞ տոկոսն է ծածկւում այդ վարագոյրի ետեւում: Այս արխիւներն ամբողջութեամբ փակ են»,- ասել է նա:

Աքթարը նաեւ աւելացրել է, որ թէեւ իրենք գիտեն, թէ այնտեղ փաստաթղթեր կան, օրինակ՝ 1915-ի տեղահանութիւնների կամ Անատոլուի տարբեր քաղաքներում գտնւող հայկական դպրոցների թւի մասին, սակայն այդ փաստաթղթերն ուսումնասիրել չեն կարող: