Աղբիւր՝ www.asbarez.com
Թրքական «Հիւրրիյէթ դէյլի նիւզ»-ը հաղորդում է, որ Թուրքիայի լրագրողների միութեան նախագահ Ահմեդ Աբաքան գրել է մի գիրք, որի մէջ նշել է, որ 82 տարեկանին մահացած իր մայրը՝ Հօշանան ունեցել է հայկական արմատներ:
Նա նշել է, որ 1915-ի դէպքերին, իր մօրը լքել են ալեւի մի ընտանիքի դռան առջեւ: Ահմեդ Աբաքան իր մօր պատմութեան մասին գրել է «Հօշանայի վերջին բառերը» գրքում: Աբաքան նաեւ նշում է, որ իր մայրն այդ մասին պատմել է մահանալուց շաբաթներ առաջ միայն:
«Մայրս այս պատմութիւնը պատմել է 13 տարի առաջ եւ դրանից քիչ ժամանակ յետոյ մահացել է: Ես դրա մասին կարողացել եմ գրել միայն 10 տարի յետոյ, որովհետեւ ես վարանում էի: Ես հազիւ կարողացել եմ գրել, արցունքներն աչքերիս գրում էի այդ մասին: Ես չէի պատկերացնում, որ դա ինձ այդքան ցաւ կը պատճառի»,- նշել է Ահմեդ Աբաքան «Հիւրրիյէթ դէյլի նիւզ»-ի հետ զրոյցի ընթացքում:
«82 տարւայ գաղտնիք»՝ այս խորագիրը կրում է Աբաքայի եւ իր մօր հետ զրոյցի մանրամասնութիւնները: «Մայրս ինձ ստիպեց խոստանալ, որ ես նրա պատմութիւնը չեմ պատմի ո՛չ կնոջս, ո՛չ աղջկաս կամ էլ նրա քոյրերին, մինչեւ այն ժամանակ, որ նա ողջ է: Ես այս մասին խօսեցի այն ժամանակ, երբ նա մահացաւ, իմանալու համար թէ արդեօ՞ք այլ գաղտնիքներ էլ կան, որ պէտք է բացայայտել: Քոյրս ինձանից խնդրեց չբացայայտել այդ մասին, որովհետեւ ես լրագրող եմ եւ կարելի է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցաւ Հրանտ Դինքին: Բարեկամներիցս շատերը չեն կարողանայ իրենց ինքնութիւնն ընդունել»,- նշել է Աբաքան: