Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Հոլանդիայի մայրաքաղաք Ամսթերդամի հին կամուրջներից մէկը, որը 17-րդ դարւայ ընթացքում յաճախակի կերպով օգտագործւել է հայ առեւտրականների կողմից, այժմ անւանւել է «Հայկական կամուրջ»` շնորհիւ 60-ամեայ Նիքոլայ Ռոմաշուքի, որի մայրը 1976-ին Հոլանդիա գաղթած եւ հիւսիսային Էսեն քաղաքում հաստատւած հայերից է:

Ռոմաշուքը աշխոյժ անդամի է վերածւել հոլանդահայ համայնքում եւ տարիներ է տրամադրել ուսումնասիրելու Ամսթերդամի համալսարանում գտնւող Հոլանդիայի ազգային արխիւների Ջուղայի եւ հայ առեւտրականների մասին նիւթերը, որից յետոյ յաւելեալ տարիներ տրամադրել է Ամսթերդամի քաղաքապետարանին համոզելու, որ հին կամուրջը հայ առեւտրականների անունով կոչելը լաւ գաղափար է: Քաղաքապետարանի հաւանութիւնը ստանալու համար Ռոմաշուքը նշել է, որ Ամսթերդամի սրտում գտնւող հին եկեղեցու մէջ մի շարք հայ հոգեւորականների եւ առեւտրականների գերեզմաններ է յայտնաբերել: Այդ գերեզմաններից մէկը կրում է 444 թիւը:

Իր թեզը աւելի ամրապնդելու համար նա աւելացրել է, որ Կարմիր բանակից Համաշխարհային Բ. պատերազմի հայ զինուորներ են թաղւած Լիւստեն քաղաքում:

Սա առաջին անգամը չէ, որ Ռոմաշուքը այսպիսի հարցերով է զբաղւում: Իբրեւ հիմնադիրն ու ատենապետը Հայկական ընկերային եւ մշակութային հիմնարկի, օժանդակել է Հայաստանից մի մեծ խաչքարի Էսեն բերելու գործին:

Այժմ ամէն տարի, 24 ապրիլին Էսենի հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Քաղաքում բնակւում են 300-400 հայեր, որոնց մեծամասնութիւնը Հայաստանից, Իրաքից, Իրանից եւ Թուրքիայից է: Ռոմաշուքը նաեւ օժանդակել է քաղաքում հայկական գերեզմանատան հաստատմանը, որը Հոլանդիայում իր տեսակի մէջ միակն է: Գերեզմանատունը կոչւել է Հրանդ Տինքի անունով:

Ռոմաշուքը նաեւ ժամանակ եւ նիւթական օժանդակութիւն է տրամադրում հրատարակելու Հոլանդիայի միակ հայկական թերթը` «Բարեւ ձեզ»-ը: