Աղբիւր՝ www.alikonline.ir
Թուրքիայի Մարդին նահանգում գտնւող «Հայկական բլուր» հնավայրի ոչնչացումը շարունակւում է: Այս մասին ահազանգում է թուրքական «demokrat haber» կայքը:
«Հայկական բլուրի» կամ, ինչպէս տեղացիներն են անւանում, Թելերմանի տարածքում շինարարական աշխատանքներ են տեղի ունենում՝ չնայած Մարդինի թանգարանի բողոքներին:
Այդ տարածքում լուսանկարելն անգամ արգելւած է:
Դեռեւս երկու տարի առաջ հնագէտ Նեզիհ Բաշգելէնին յաջողւել էր լուսանկարել բլուրի տարածքն ու այն փրկելու խնդրանքով դիմել Մարդինի նահանգապետարան եւ Թուրքիայի մշակոյթի ու զբօսաշրջութեան նախարարութիւն:
Սակայն, անգամ երկու տարի անց պատկերը չի փոխւել: Այնտեղ մեծ թափով շարունակւում է շինարարութիւնը:
Ենթադրւում է, որ այնտեղ բարձրայարկ շէնքեր կը կառուցւեն: Շինարարական աշխատանքների ընթացքում բլուրը նաեւ կողոպտւել է: Դրա տարածքից շարունակում են անհետանալ հին խեցեղէն, հնագիտական հարուստ նիւթեր: