Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Հայ Թերթ»ը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող եւ հայի տան մէջ բնակւող գրող Իբրահիմ Հալիլ Այջանը ժողովուրդների մշակութային ժառանգութեան տէր կանգնելու կոչ է հնչեցրել:

«Պատմութեան էջերից աշխարհի մեծագոյն ցեղասպանութիւններից մէկին ենթարկւած հայ ժողովուրդը, Ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ մշակութային ցեղասպանութեան է ենթարկւում: Նրանցից յետոյ մնացած շինութիւնները շարունակւում են աւերւել»,- նախազգուշացնում է գրողը:

Ըստ Այջանի, Այնթաբում Հայոց ցեղասպանութեան ընթացքում լքւած թաղամասի մէջ մնացած տների տեղ պանդոկներ են կառուցւում: Այնթաբի ամենից հին թաղամասը` ժամանակին հայերին պատկանած շրջանը, գրեթէ շուկայի է վերածւել: Հայերի տներում սրճարաններ, գինետներ, պանդոկներ են կառուցւում:

Արդէն 26 տարուց ի վեր այդ թաղամասում հայերին պատկանած մի տան մէջ բնակւող գրողը նշում է, որ այդ ճարտարապետական կառոյցները գնում են առեւտրական նպատակներով:

Հարիւրամեակներ շարունակ համատեղ ապրած ազգի ժառանգութեան ոչնչացումն ու հողին հաւասարեցնելը շատ է անհանգստացնում Այջանին, որ ասում է. «Քարշակների ամէն հարւած սրտիս մխրճւող դանակի նման է»:

«Ես հայի տան մէջ եմ ապրում արդէն 26 տարուց ի վեր: Ես էլ իմ հայրենիքից առանց փափագելու հեռացած, կտրած եմ: Թերեւս այդ պատճառով զգում եմ այդ ցաւը: Երբ ես առաջին անգամ այս թաղամասը եկայ, այստեղի մարդիկ այս շրջանը պահպանելով ապրում էին: Դրանից յետոյ քաղաքապետարանը որոշեց զբաղւել այս հարցով: Միլիոններով գումար ծախսեցին: Բոլոր քարերը, փողոցները նորոգեցին: Բոլոր տները լուսաւորեցին: Թաղամասում տեսահսկումի համակարգեր տեղադրեցին: Դրանից յետոյ այս շրջանն ամայացաւ: Մարդիկ հեռացան: Ասում են` զբօսաշրջական նպատակներով են օգտագործւելու: Սա Այնթաբի ամենից հին թաղամասն է: Այստեղ եկողը այն «Այնթաբ թաղամաս» է կոչում, սակայն իրականութեան մէջ սա հայկական թաղամաս է»,- ասել է նա:

Գրողը յիշեցնում է, որ 1900-ականների սկզբում Այնթաբի բնակչութեան կէսը հայեր էին: Նա կոչ է ուղղում այս հողերի վրայ ապրած մարդկանց մշակութային ժառանգութեանը առնւազն յարգանքով վերաբերւել: Ըստ նրա, շրջանը անմարդաբնակ դարձնելուց յետոյ հայերին պատկանող տները ժամանցի վայրերի են վերածւել եւ մինչեւ իսկ յարմար հասցէներ են դարձել այնտեղ թմրանիւթեր օգտագործելու համար:

«Հայերի 100 տարի առաջ լքած բնակավայրերում ապրում ենք, գոնէ տէր կանգնենք նրանց: Այնթաբում առաջին թատրոնը ստեղծողը, առաջին թերթը հրապարակողը հայերն են եղել: Ընկերամշակութային կեանքն ու առեւտուրը նրանց ձեռքն էր: Այժմ նրանց մշակոյթի ոչնչացման դէմ դուրս գալ պէտք է»,- ասել է նա: