Աղբիւր՝ www.asbarez.com
Թրքական «Թարաֆ» թերթը ապրիլի 21-ի իր թւով ամբողջ մէկ էջ յատկացրել էր Հայոց ցեղասպանութեան նիւթին։ Յօդւածագիրը՝ Թուղպա Թեքերլեքը, այս նիւթի շուրջ մի զրոյց է ունեցել պատմաբան Իւմիթ Գուրթի հետ։
Յօդւածը այսպէս է սկսւում.
«99 տարի առաջ էր։ 24 ապրիլին, այս հողերի վրայ ապրող մի ժողովուրդ ոչնչացնելու համար մահւան մի ճամբորդութեան ձեռնարկւեց։ Այս ճամբորդութեան որպէս հետեւանք, հարիւր հազարաւոր մարդիկ մեռան, հարիւր հազարաւորներ արմատախիլ եղան եւ աշխարհի չորս ծագերում ցրւեցին։ Այդ ժողովրդի հետքերը մեծ մասամբ ջնջւեցին։ Բայց՝ ո՛չ բոլորովին։ Թէեւ Հայոց ցեղասպանութիւնից երկար տարիներ անցան, բայց այս հողերի վրայ հայ քրիստոնեայ ինքնութիւնից հրաժարւելով՝ մահից փրկւած անձերից նոր սերունդներ ծնւեցին։ Կարծւում է, որ այդպիսիների թիւը ներկայիս մէկ միլիոն է։ Այդ նոր սերունդները հետզհետէ սկսեցին իրենց կեանքի պատմութիւնները պատմել»։
Թերթը ապա ծանօթացնում է պատմաբան Գուրթին, որ ամերիկեան «Քլարք» համալսարանում ցեղասպանութեան դոկտորական ուսանող է եւ զբաղւում է Այնթէբի հայերով։ Նա իսլամացւած հայերի հետ բերանացի պատմութեան աշխատանք է տարել եւ գրքեր է գրի առել պատմաբան Թաներ Աքչամի հետ։
Գուրթը յայտնում է, որ հայերի իսլամացումն սկսել է 19-րդ դարի երրորդ քառորդին, իսկ Ցեղասպանութեան ընթացքում որոշ հայեր, որոնք տեսել են, թէ տեղահանութիւնը մահ է նշանակում, կրօնափոխ են եղել: Նա յիշեցնում է, որ Թալէաթը 1915-ի յունիս 22-ին մի հրամանագիր էր ստորագրել՝ հրահանգելով չտեղահանել այն հայերին, ովքեր կրօնափոխ են լինում։ «Սակայն այս հրամանագրից երեք շաբաթ յետոյ քաղաքականութիւնը փոխւեց։ Թալէաթ փաշան կրկին մի հրամանագիր ստորագրեց՝ յայտնելով, որ հայերը տեղահանութիւնից փրկւելու համար երեւութապէս իսլամանում են, ու այդ իսկ պատճառով, հրահանգեց կրօնափոխ եղողներին եւս տեղահանել։
Հարցազրոյցի մնացեալ մասում Գուրթը պատմում է, թէ հայերն ինչպէ՛ս են կրօնափոխ լինում։ Նախ կրօնափոխ լինել ընդունող անձին իսլամական մի անուն էր տրւում, նրանից պահանջւում էր, որ երդում անի եւ աղօթի որպէս իսլամ։ Ապա, իսլամացածները շարունակ ապահովութեան ուժերի հարցաքննութեան էին ենթարկւում ու հետապնդումի ենթակայ էին:
Այն հարցումին, թէ կրօնափոխ եղած հայերի այսօրւայ սերունդն ինչպէ՞ս է իմանում, որ ժամանակին հայ է եղել՝ պատասխանը պարզ է. «Որովհետեւ մանկութիւնից ի վեր նրանց «գեաւուռ» էին ասում։ Ուստի հետաքրքրւում էին, որ որտեղից էր գալիս այս «գեաւուռ» անունը։ Օրինակ, եթէ մէկը զինւորական վարժարան աշակերտել ուզենար, նրա հայրն ասում էր, որ մեզ զինւոր չեն անում։ Ինչո՞ւ… երբ մի քանի անգամ հարցւէր, այն ժամանակ հայրը պատասխանը էր տալիս»,- բացատրում է նա:
Կրօնափոխ եղած այս մարդիկ, ըստ Գուրթի՝ հաշտւում էին իրենց իսլամական ինքնութեան հետ։ Նոյնիսկ նրանցից ոմանք իմամի պարտականութիւն են կատարել։
«Իսկ այսօր ի՞նչ են զգում նրանք. վախենո՞ւմ են իրենց հայկական ինքնութիւնից» հարցումին, Գուրթի պատասխանն եղաւ. «Անշո՛ւշտ վախենում են, որովհետեւ տակաւին շարունակւում է ուրացման քաղաքականութիւնը, այս մարդիկ տակաւին նկատւում են ոչ թէ երկրի իրական հայրենակիցները, այլ՝ պատանդներ։ Այսինքն՝ աղաւնիի մի վախկոտութիւն։ Միայն Հրանդ Դինքին յատուկ չէր սա»:
Ըստ Գուրթի՝ կրօնափոխ հայերը շատ ուժեղ փափագ ունեն իրենց անցեալի հետ երես առ երես գալու եւ երեւան հանելու իրենց հայկականութիւնը։ Նրանք նաեւ փափագում են, որ առանց որեւէ խտրականութեան, հաւասար հայրենակիցներ նկատւեն այլեւս։
«Անատոլուի իսլամացած հայկական բնակչութեան այսքան բարձր մի թիւ կազմած լինելն ի՞նչ պէտք է մտածել տայ իրենք իրենց թուրք կարծողներին» հարցումին, պատմաբանը պատասխանում է. «Նախ, սա պէտք է մտածել տայ, որ «թուրք ինքնութիւնը բոլորովին մի շինծու ինքնութիւն է, որ գոյութիւն ունի միւս ինքնութիւնների չգոյութեան շնորհիւ։ Այսինքն՝ թրքական ինքնութիւնն իր գոյութիւնը պարտական է հայի, յոյնի, ասորիի չգոյութեան։ Այսօր, որտեղի՛ց էլ նայեք, մօտաւորապէս մէկ միլիոն իսլամացած հայերի մասին է խօսքը։ Հետեւաբար, չպէտք է մոռանալ, որ երբ Անատոլու ենք ասում, հասկանում ենք մի աշխարհագրութիւն, որ թրքացրել են»։