Աղբիւր՝ www.asbarez.com

 

Պոլսի համալսարանի գիտաշխատող Մեհմեդ Փերինչեքը ծրագրել էր ապրիլի 22-ին Կայսերի (Կեսարիա) քաղաքի «Էրջիյէս» համալսարանում կազմակերպել «Հայոց ցեղասպանութիւնը՝ կայսերապաշտական սուտ» խորագրով մի խորհրդաժողով, սակայն թրքական «Օտա Թի.Վի.» կայանը ուրբաթ՝ ապրիլի 18-ին հաղորդեց, թէ համալսարանի համապատասխան յանձնաժողովը մերժել է սոյն խորհրդաժողովի իրականացումը:

Փերինչեքը դատապարտել է այս որոշումը՝ այն համալսարանի համար խիստ ամօթաբեր համարելով: Ըստ նրա՝ շատ կարեւոր էր, որ խորհրդաժողովը յատկապէս ապրիլի 24-ից առաջ տեղի ունենար, որպէսզի տեղի բնակիչները «ծանօթանային պատմական ճշմարտութիւններին»: Փերինչեքն այդ մերժումը համարել է քաղաքական հանգամանքներով պայմանաւորւած որոշում:

Նշենք, որ Մեհմեդ Փերինչեքը որդին է Զւիցերիայում Հայոց ցեղասպանութիւնը հերքելու համար դատապարտւած, իսկ աւելի ուշ Մարդկային իրաւանց եւրոպական ատեանի կողմից անմեղ հռչակւած՝ Թուրքիայի Բանւորական կուսակցութեան տխրահռչակ ղեկավար Դողու Փերինչեքի: