Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիան եւ Ադրբեջանն սկսել են հիմնել «Թուրանի բանակ» կոչւած թուրք-իսլամական զինւորական միաւորումը, որի առաջին քայլերի ձայնը հնչեց Նախիջեւանից՝ երկու երկրների զինեալ ուժերի ներկայացուցիչներին մասնակցութեամբ ռազմափորձերի ժամանակ:

Ադրբեջանական «Ենի Մուսաւաթ» օրաթերթը այդ կապակցութեամբ գրում է, որ Հայաստանի հետ սահմանների մօտ ռազմափորձերի կատարումն արդիւնք է նրա, որ վերջին շրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցութիւնների ընթացքում քաղաքական-տնտեսական համագործակցութեան հարցերին զուգահեռ քննարկւել են նաեւ միացեալ ռազմափորձեր կատարելու հարցեր:

Ըստ օրաթերթի՝ Թուրքիաh «մտահոգ է» Սիրիայից գաղթական հայերի եւ քիւրդերի՝ Լեռնային Ղարաբաղում բնակեցման կարելիութեամբ: Այդ պատճառով, Թուրքիան ուզում է, որ ռազմափորձերի ընթացքում զինւորներ «մտնեն ու դուրս գան գաղթականների շրջաններ», կամ այնտեղ «հրթիռներ նետւեն», որպէսզի Ղարաբաղ գաղթածները հասկանան, որ այնտեղ ապահով վայր չէ՝ նւազեցնելով այնտեղ գաղթելու ցանկութիւնն ու հոլովոյթը:

Թերթը նախապէս գրել էր, որ Թուրքիան, Ադրբեջանն, Ղրղզստանն եւ Մոնկոլիան նախաձեռնում են այսպէս կոչւած՝ «Թուրանի բանակ» ստեղծել: «Թուրանի բանակ»-ի նախագահութիւնը Թուրքիայում է, իսկ սպայակոյտը երեք ամիս առաջ Անկարայից տեղափոխւել է Բաքու, որի պատճառը, ըստ թերթի՝ Ուքրանիայում ընթացող եւ Ադրբեջանին «սպառնացող» ռուսական «յարձակման» կապակցութեամբ մի պատգամ յղելն է:

Թերթը յայտնում է, որ այդ բանակը Լեռնային Ղարաբաղում զինւորական գործողութիւններ կամ հրոսակային պատերազմ մղելու պատրաստ խմբեր ունի, եւ առայժմ այդ գործողութիւններին չի սկսելու, որովհետեւ Ադրբեջանը «տակաւին զգուշանում է» Ռուսիայից: Թերթը Նախիջեւանում տեղի ունեցած ռազմափորձերը գնահատում է իբրեւ «Թուրանի բանակ»-ի առաջին «ռազմափորձ»: