Աղբիւր՝ www.yerkir.am
Ըստ Cumhuriyet-ի՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան պատգամաւոր Հուսէյն Այգիւնը Թունջելիի դատախազութիւնում դատական հայց է ներկայացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ա.Գ. նախարար Ահմեդ Դաւութօղլուի եւ Ազգային հետախուզութեան ծառայութեան պետ Հաքան Ֆիդանի դէմ՝ մարդկութեան դէմ ցեղասպանութիւն իրագործելու եւ այդ նպատակով յանցախումբ ստեղծելու մեղադրանքով:
«Ինչ ցաւալի է, որ Սիրիայում 100 հազար անմեղ մարդկանց մահւան եւ ներքին արիւնոտ պատերազմի ամենամեծ աջակիցներից մէկը հենց մեր կառավարութիւնն է` գլխաւորութեամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ Սիրիայում ահաբեկչական խմբաւորումները ներքին պատերազմի ժամանակ մեծ թւով արիւնալի գործողութիւններ են կատարել, որոնցից մէկն էլ 2013-ի ամռանը զարին գազով իրականացւած յարձակումն էր»,- ասել է թուրք պատգամաւորը։
Ըստ տեղեկութիւնների՝ զարին գազով յարձակումն իրականացւել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի իմացութեամբ, իսկ զարինը ահաբեկիչներին մատակարարել են Թուրքիայի ազգային հետախուզութիւնն ու ժանդարմերիան։
Հայցում նշւել է նաեւ, որ ահաբեկչական խմբաւորումները կոտորել են նաեւ մեծ թւով ալեւիների, եւ նրանց հիմնական թիրախն եղել են ալեւիների գիւղերը: Ըստ Թուրքիայի քրէական օրէնսգրքի՝ ահաբեկիչները 5237 յօդւածի 76-րդ՝ «ցեղասպանութիւն» եւ 77-րդ կէտով՝ «մարդկութեան դէմ յանցանք» են փաստացի իրականացրել: