Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում չեն դադարում հակահայկական յայտարարութիւնները: Այս անգամ էլ «սրամիտ» յայտարարութիւններով է հանդէս եկել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան նախագահ Դեւլեթ Բահչելին՝ Ա.Մ.Ն.-ի Սենատի` Հայոց ցեղասպանութեան մասին վերջերս ընդունած բանաձեւի վերաբերեալ:

«Ամէն տարի ապրիլ ամսին հայկական սփիւռքի «կուկլաները» դուրս են գալիս քաղաքական դաշտ եւ սկսում ցոյցեր անել, այսպէս կոչւած՝ Ցեղասպանութեան ճանաչման համար: Նրանց, ովքեր ցեղասպանութիւնն օգտագործում են մեզ սպառնալու համար, ասեմ, որ այդ ժամանակներն անցել են, եւ խորհուրդ եմ տալիս դադարեցնել նման վերաբերմունքը: Այդ անամօթ պահւածքի՝ Թուրքիայի ժողովրդին ցեղասպանութիւն իրագործելու մէջ մեղադրելու ժամանակն անցել է: Ա.Մ.Ն.-ի Սենատի կողմից այդ բանաձեւի ընդունումը եւ այդ դէպքը ցեղասպանութիւն որակելը մեզ ընդհանրապէս չեն անհանգստացնում եւ որեւէ իմաստ չեն ներկայացնում: Այս երկրի որոշ քաղաքական գործիչները ճանապարհ են բացում նրանց, ովքեր «բոլորս հայ ենք» էին ասում, սակայն դրանք մեզ համար միայն աղմուկ են: Այսուհետեւ ինչ ուզում են, թող անեն: Նախ` թող հաշիւ պահանջեն նրանցից, ովքեր Իրաքում, Աֆղանստանում կրօնի համար սպանում են մարդկանց, յետոյ նոր մեր մասին խօսեն»,- ասել է Բահչելին: