Աղբիւր՝ www.yerkir.am

 

Panorama.am-ը յայտնում է, որ Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատւիրակութիւնը՝ ի դէմս Արփինէ Յովհաննիսեանի, ներկայացրել էր Քեսաբում տեղի ունեցած իրադարձութիւնների վերաբերեալ գրաւոր յայտարարութեան տեքստ, որում դատապարտւում է Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական յարձակումը։

Ըստ Panorama.am-ի` գրաւոր յայտարարութիւնն անւանւեց «Քեսաբ. դատապարտելով ահաբեկչական յարձակումը Սիրիայի քաղաքացիների վրայ»։ Յայտարարութեան տակ ստորագրած Ե.Խ.Խ.Վ. պատգամաւորներն իրենց լուրջ մտահոգութիւնն են արտայայտում վերջերս Սիրիայի հիւսիս-արեւմտեան հատւածում՝ հիմնականում հայաբնակ Քեսաբում, իրավիճակի սրման կապակցութեամբ:

«Վերջին յարձակումը կատարւել է «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողութիւնների արդիւնքում, որոնք հիմնականում ուղղւած էին քաղաքացիական բնակչութեան դէմ, տեղի ունեցաւ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբաւորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները եւ մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականութեանը։ Սա շարունակւող մարդասիրական ճգնաժամ է։

Հաշւի առնելով էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւնների, ներառեալ հայերի, պաշտպանութեան հրատապութիւնը Սիրիայում զինւած հակամարտութեան պայմաններում, մենք խստօրէն դատապարտում եւ համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչութեան նկատմամբ՝ անկախ էթնիկ եւ կրօնական ինքնութիւնից։

Մենք վճռականօրէն կոչ ենք անում Թուրքիայի իշխանութիւններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը եւ հետաքննել Թուրքիայի աջակցութիւնը ահաբեկչական խմբերին»,- ասւում է Ե.Խ.Խ.Վ.-ում ընդունւած գրավոր յայտարարութեան մէջ։