Աղբիւր՝ www.asbarez.com

 

Սիրիայի հիւսիսը, Թուրքիայի հետ սահմանակից հայաբնակ Քեսաբ աւանի եւ հայ բնակչութեան պաշտպանութեան համար, աշխարհասփիւռ հայերի կոչերը, ցոյցերը եւ համացանցային արշաւները թրքական սփիւռքեան կառոյցների թիրախն են դարձել:

Թուրք-ամերիկեան կազմակերպութիւնների միութեան (A.T.A.A.) նախագահ Մեհմեդ Չելեբին, Թուրք-ամերիկեան միութիւնների դաշնակցութեան (F.T.A.A.) նախագահ Աթիլլա Փաքին եւ Թուրք-ամերիկեան հասարակական կենտրոնի եւ մզկիթների գլխաւոր քարտուղար Ադեմ Պույուքաջարին ստորագրութեամբ մի նամակ է յղւել Միացեալ նահանգների նախագահ Բարաք Օբամային եւ Քոնգրեսին: Նամակում նշւում է, որ Ամերիկայի թուրքերին խորապէս մտահոգում է հայկական Սփիւռքի կառոյցներից՝ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի կողմից, Քեսաբի բախումների առնչութեամբ Թուրքիային մեղադրանքներ հասցէագրելու եւ մի «նոր ցեղասպանութեան» մասին յայտարարութիւնը: Նամակում ընդգծւում է, որ «իրականութեան մէջ, Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը Վաշինգթոնում աջակցում է (Սիրիայի նախագահ Բաշշար) Ասադին»:

Թրքական կառոյցի ղեկավարները յայտնում են, որ ըստ տարածաշրջանից ստացւած տեղեկութիւնների՝ հայկական եկեղեցիները պաշտպանութեան տակ են եւ ընդդիմադիրները հայերին վնաս չեն հասցրել:

Միւս կողմից, Թուրքիայի Արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց, որ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հետ աշխատանք է տանում՝ Քեսաբից փախուստ տւած 18 հայերի ապահովութիւնն երաշխաւորելու համար: «Անատոլու» լրատու գործակալութիւնը հաղորդեց, որ Թուրքիայի Արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակել է մի հաղորդագրութիւն, որի մէջ յայտարարել է, թէ երկրի դռները բաց են բոլոր սիրիացի գաղթականների առջեւ: Նախարարութիւնը նաեւ ընդգծել է, որ մօտկից հետեւում է Քեսաբում արձանագրւած վերջին զարգացումներին, ինչպէս նաեւ որդեգրում է Սիրիայից Թուրքիա փախուստ տւած քաղաքայինները պաշտպանելու ու նրանց որեւէ վնասից հեռու պահելու գծով անհրաժեշտ միջոցառումները եւ այս առումով իր կատարած իւրաքանչիւր քայլից տեղեակ է պահում Մ.Ա.Կ.-ին: