Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

27 մարտից 31 մարտ Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանի գլխաւորութեամբ եռանդամ մի պատւիրակութիւն Վանում որպէս դիտորդ մասնակցեց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին։ Պատւիրակութեան մաս էին կազմում Միջին արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեանը եւ Հայ դատի Պելգիայի յանձնախմբի ատենապետ Պետիկ Պետրոսեանը։ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբը որպէս դիտորդ մասնակցութեան հրաւէր էր ստացել Թուրքիայի Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան (BDP) Եւրոպայի ներկայացուցչութիւնից։

Դիտորդական պատւիրակութիւններ կային նաեւ Ֆրանսիայից, Իտալիայից եւ Գերմանիայից։

Ընտրութեան նախօրէին, Հ.Յ.Դ. Հայ Դատի պատւիրակութիւնը Վանում այցելեց պետական, ընտրական եւ կուսակցական կենտրոններ, հանդիպումներ ունեցաւ թեկնածուների եւ հասարական կազմակերպութիւնների հետ, մասնակցեց ընտրական հաւաքների։ Ընտրութեան օրը՝ մարտի 30-ին, պատւիրակութիւնն ամբողջ օրը շրջեց տարբեր ընտրատեղամասեր եւ ականատես եղաւ ընտրութիւնների ընթացքին։ Մարտի 31-ին, պատւիրակութիւնը հրապարակեց իր եզրակացութիւնը, որը տրամադրւելու է նաեւ եւրոպական համապատասխան կազմակերպութիւնների։ Եզրակացութեան մէջ յատուկ նշում է լինելու իշխող AKP կուսակցութեան, գործակատարների եւ ընտրական յանձնաժողովների պատասախանատուների կողմից կատարւած լուրջ օրինական խախտումների մասին: Վան քաղաքի ինչպէս նաեւ նահանգի 13 շրջաններից 11-ի մէջ ընտրւեցին BDP կուսակցութեան կողմից պաշտպանւած թեկնածուները:

Գասպար Կարապետեանը գործուղման աւարտին ասաց. «Պատմական այցելութիւն էր այս, որովհետեւ ոչ միայն գտնւում էինք մեր պատմական հողերի վրայ, այլ նաեւ՝ այդ մասին խօսում էինք այնտեղ ապրող ժողովրդի եւ ժողովրդի ներկայացուցիչների հետ։ Շատ ջերմ էր ընդհանրապէս ժողովրդի եւ յատկապէս՝ մեր հիւրընկալ Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան վերաբերմունքը մեր նկատմամբ։ Ես եւ պատւիրակութեան անդամ իմ գործընկերներս իսկապէս անմոռանալի օրեր ապրեցինք եւ մաղթում ենք, որ այս եւ նման գործընթացներ շարունակւեն, ծաւալւեն եւ նոր զարգացումներ ունենան»։

Հայ Դատի պատւիրակութիւնն այցելեց Ախթամար կղզի եւ Ս. Խաչ եկեղեցի։