Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ա.Մ.Ն. Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսը, Կոնգրեսում հայկական հարցերով յանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնէն և Մայքլ Գրիմը, կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան և Ջէյմս ՄքԳաւերնը դատապարտել են վերջերին յարձակումները Սիրիայում հայկական պատմական քաղաք Քեսաբի վրայ:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ օրէնսդիրները կոչ են արել Ա.Մ.Ն. պետքարտուղարութեանը հետաքննել այդ յարձակումները և անմիջապէս քայլեր ձեռնարկել անպաշտպան բնակչութեանը պաշտպանելու ուղղութեամբ: «Ինչպէս դուք, ես ևս խորապէս անհանգստացած եմ մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող հայկական Քեսաբ քաղաքի վրայ «Ալ Քաիդային» հարող Թուրքիայում հաստատաւած ահաբեկիչների յարձակումների կապակցութեամբ: Նման բնոյթի յարձակումներն օրինակ են Սիրիան պատած բռնութիւնների նոր և վտանգաւոր գլխի, ուր ծայրահեղական իսլամիստների թիրախում են յայտնւում սիրիական փոքրամասնութիւններն իրենց կրօնական և էթնիկ պատկանելութեան համար: Ես դատապարտում եմ բոլոր նման, այդ թւում` հայ քրիստօնիաների դէմ ուղղւած յարձակումները»,- նշել է Ռոբերտ Մենեդեսը իր նամակում:

Իսկ նախագահ Օբամային ուղղւած նամակում կոնգրեսականներ Փալոնէն, Գրիմը, Վալադաօն և Շիֆը նշել են, որ Սիրիայի հայերի զանգւածային գաղթը յիշեցնում է մօտ հարիւր տարի առաջ Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութիւնը:

«Ցանկանում ենք շնորհակալութիւն յայտնել Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մենեդեսին և մարդու իրաւունքների ջատագով միւս կոնգրեսականներին, ովքեր հանդէս են եկել աշխարհի ուշադրութիւնը հրաւիրելու գլխաւորապէս հայերով բնակեցւած Քեսաբ քաղաքի վրայ իրականացւած յարձակումների վրայ»,- նշել է Հայ դատի Ա.Մ.Ն. յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: