Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Սիրիա այցելած Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամաւորներ հանդիպումներ ունեցան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Դամասկոսում «Ազդակ»-ի աշխատակցի հաղորդմամբ, որ ընկերակցում էր պատւիրակութեանը, պատւիրակութեան նախագահ Սամւէլ Ֆարմանեանը յայտնեց, որ Հայաստանը դատապարտում է թրքական օժանդակութեամբ Քեսաբում տեղի ունեցած յարձակումը: Նա շնորհակալութիւն յայտնեց Սիրիայի իշխանութիւններին` հայերի  հանդէպ իրենց ունեցած վերաբերմունքի համար: Իր կարգին, նախագահ Ասադը բարձր գնահատեց Հայաստանի դրական դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ, նշելով խորհրդարանականների դերակատարութեան կարեւորութիւնը միջազգային ամբիոններից: Պատգամաւորների պատւիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ նաեւ Սիրիայի խորհրդարանի նախագահ Ժիհադ Լահհամի, վարչապետ Ուաէլ Հալաքիի եւ Սիրիայի միւֆթի Ահմեդ Հասսունի հետ: Բոլոր հանդիպումներին սիրիացի ղեկավարները նշեցին, որ հայերը կարեւոր մասնիկ են Սիրիայում եւ արժանանում են յարգանքի` երկրի բարգաւաճման մէջ իրենց ունեցած դերակատարութեան համար: Նրանք անդրադարձան նաեւ խորհրդարանական կապերի հաստատման կարեւորութեանը: Պատգամաւորական պատւիրակութիւնը Սիրիայի ղեկավարութեանը յայտնեց, որ Հայաստանի հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը Քեսաբի իրադարձութիւնների մասին Լա Հէյի համաժողովների կենտոնում հանդէս է եկել յայտարարութեամբ եւ յանձնարարել է Մ.Ա.Կ.-ի` Նիւ Եորքի եւ Ժնեւի գրասենեակներում Հայաստանի հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցչութիւններին` հետամուտ լինելու Քեսաբի հայութեան անվտանգութեան եւ վերադարձի խնդիրներին: Պատւիրակութիւնը վստահեցրեց, որ Հայաստանը բոլոր միջոցներին ձեռնարկելու է՝ օժանդակելու համար քեսաբահայութեանը: Պէտք է նշել, որ պատգամաւորներն իրենց հանդիպումների ընթացքին բարձրացրին Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդիրը` պահանջելով, որ սիրիական խորհրդարանում քննարկումներ կատարւեն` հասնելու համար ճանաչման մի բանաձեւի: Յիշենք, որ խորհրդարանական պատւիրակութեանն ուղեկցում էին Սիրիայում Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արշակ Փոլադեանը, Հալէբում Հայաստանի հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Կարէն Գրիգորեանը, դեսպանատան խորհրդական Տիգրան Գէորգեանը եւ դկտ. Նոռա Արիսեանը: Դամասկոս այցելութեան աւարտին, պատւիրակութիւնը Ս. Սարգիս եկեղեցում հանդիպում ունեցաւ Արմաշ եպս. Նալբանդեանի, Հայ կաթողիկէ առաջնորդ Յովսէփ Առնաութի, հոգեւոր հայրերի  եւ Դամասկոսում գործող բոլոր միութիւնների ներկայացուցիչների հետ: Նկատելի էր, որ սուրիական լրատւամիջոցները լայնօրէն անդրադարձան պատգամաւորների այցելութեանը:

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 27 մարտին ընդունեց Հայաստանի խորհրդարանական պատւիրակութեանը` Սամւէլ Ֆարմանեանի գլխաւորութեամբ: Սիրիական «ՍԱՆԱ» լրատւական գործակալութեան համաձայն, պատւիրակութեան անդամները Սիրիայի նախագահին փոխանցել են Հայաստանի հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ողջոյնները եւ բերանացի պատգամը, որի մէջ նախագահն իր եւ հայ ժողովրդին անունով դատապարտել է Լաթաքիայի Քեսաբ գիւղաքաղաքի վրայ Թուրքիայի նեցուկով ի գործ դրւող ահաբեկչական յարձակումները:

Ասադը զգուշացրել է Արեւմուտքի եւ շրջանի մի շարք երկրների աջակցութեամբ եւ նեցուկով ծայրայեղական գաղափարախօսութեան եւ ահաբեկչութեան վտանգներից, որոնք սպառնում են մասնատել պատմական արմատներ ունեցող, բազմամշակութային եւ ընկերային տարբեր շերտերից բաղկացած շրջանը:

Հանդիպման ընթացքում հայկական պատւիրակութեան անդամները հաստատել են, որ ամբողջական կերպով աջակցում են Սիրիայում անվտանգութեան եւ կայունութեան վերահաստատման եւ Քեսաբի ու սիրիական այլ շրջանների բնակիչներին իրենց տները վերադարձնելու: Նրանք վստահութիւն են յայտնել այն մասին, որ Սիրիան շարունակելու է մնալ համակեցութեան եւ ազգային միաբանութեան օրինակ` իր բոլոր զաւակների միջեւ:

Հայաստանի պատւիրակութիւնը տեսակցութիւն է ունեցել նաեւ Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Ժիհադ Լահհամի հետ, ով նշել է, թէ շատ կարեւոր է խորհրդարանական մակարդակով ջանքերի միաւորումը` հաւատադրժող եւ ծայրայեղ շարժումների դէմ պայքարելու, ինչպէս նաեւ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ խորհրդարանական յարաբերութիւնները սերտացնելու նպատակով:

Իրենց կարգին, հայկական պատւիրակութեան անդամները դիտել են տւել, որ դրացի պետութիւնները պէտք է դրական դերակատարութիւն ունենան եւ նեցուկ կանգնեն Սիրիայում խաղաղ լուծման հասնելու համար, եւ ոչ թէ հակառակը:

Սիրիայի վարչապետ Ուաէլ Հալաքին եւս հանդիպում է ունեցել Հայաստանի պատւիրակութեան անդամների հետ. նա հաստատել է, որ Սիրիայի կառավարութիւնը հետամուտ ու նախանձախնդիր է իր քաղաքացիներին ապահովելու ամէն տեսակի կենցաղային անհրաժեշտութիւններ եւ ծառայութիւններ: Նա հաստատել է, որ սիրիահայութիւնը սիրիացի ժողովրդի մէկ կարեւոր եւ հիմնական բաղադրիչն է, որ արժանի է ամէն տեսակ յարգանքի, գնահատանքի, որովհետեւ սիրիահայերը մեծապէս օժանդակել են իրենց երկրի զարգացմանն ու ամրապնդմանը:

Հայկական պատւիրակութեան անդամները դատապարտել են Քեսաբում տեղի ունեցած տեղահանութիւնը եւ ոճրագործութիւնը, որոնք ի գործ են դրւում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարութեան նեցուկը վայելող ահաբեկչական կազմակերպութիւնների կողմից: