Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Դատապարտելով ընդդիմադիր զինեալ ճակատների կողմից Լաթաքիայի հիւսիսային արւարձանի վրայ կատարւած յարձակումը` Սիրիայի արտաքին գործոց նախարարութեան մի աղբիւր յայտարարեց, որ անցնող ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում թրքական կառավարութիւնը սահմանային Քեսապի շրջանում աննախադէպ զինւորական յարձակում է իրականացրել Սիրիայի հողային ամբողջականութեանը հարւածելով` նշելով, որ այս յարձակումը կատարւեց հրետանային ռմբակոծութեամբ` թրքական հողատարածքներից դէպի սիրիական տարածք զինեալ խմբաւորումների մուտքն ապահովելու համար: Այս մասին Լիբանանի «Ազդակ» օրաթերթին հաղորդել է Դամասկոսում իր թղթակիցը:

Նշենք, որ ընդդիմադիր կողմը յարձակման գործողութիւնն անւանել է «Անֆալի ճակատամարտ», որի վերջնական թիրախը Լաթաքիան է նկատւում: Պաշտօնական տւեալները հաղորդում են, որ շաբաթ օրը սիրիական բանակի ուժերի միաւորները մեծ հարւած են հասցրել սահմանից ներթափանցած զինեալ խմբաւորումներին: Տարբեր աղբիւրներ նշում են, որ բախումների հետեւանքով կիրակի օրը զինեալները մտել են Քեսապ եւ շրջակայ գիւղերը` հասնելով մինչեւ Էքիզոլուխ:

Նշենք որ Շաբաթ օրւայ երկրորդ կէսին բնակիչները լքեցին Քեսապն ու գիւղերը, սակայն մօտ 30 տարեցներ տակաւին մնում են այնտեղ: Քեսապից Լաթաքիա ապաստան գտած ցանկագրւած հայ ընտանիքները հաշււում են մօտ 500 ընտանիք եւ ստանում են համապատասխան օգնութիւն` Կարմիր մահիկի, Լաթաքիայի եւ Քեսապի Շտապ օգնութեան մարմինների եւ միութիւնների համադրւած աշխատանքին իբրեւ արդիւնք:

«Ազդակ»-ի տեղեկութիւններով՝ սիրիական բանակի միաւորներն ազգային ինքնապաշտպանական ջոկատների աջակցութեամբ Քեսապի եւ այլ արւարձանների շրջաններում պաշարում են ընդդիմադիր զինեալներին: Բուռն բախումները շարունակւում են, որտեղ մարտերն ընթանում են յարձակում-նահանջ գործողութիւններ իրականացնելով եւ երկու կողմերից էլ կորուստներ պատճառելով:

Թրքական հակաօդային ուժերը տապալել են սիրիական մի ռմբաձիգ, որը հարւածում էր Քեսապի շրջանում ընդդիմադիր զինեալների դիրքերը: Սիրիական բանակը հակադարձել է ռմբակոծելով Ելտաղըում զինեալների կենտրոնները: Ըստ թրքական կողմի, սիրիական օդանաւը Թուրքիայի օդային տարածքը բռնաբարել էր: Թուրքիան զգուշացրեց Սիրիային, որ բուռն կերպով հակադարձելու է, եթէ իր օդային տարածքը բռնաբարւի:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհաւորեց թրքական օդուժին սիրիական ռմբաձիգը տապալելու համար` նշելով. «Այսուհետեւ Թուրքիայի հակադարձութիւնը բուռն կը լինի»: Նա ասաց. «Էֆ-16» տիպի մեր օդանաւերը տապալեցին սիրիական մի օդանաւ, որ թրքական օդային տարածքը խզեց»:

Թուրքիայի նախագահ Ապդիւլլահ Գիւլն իր կարգին այս առիթով շնորհաւորեց Թուրքիայի բանակի սպայակոյտի պետին` նշելով. «Այս քայլը իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի վճռակամութիւնը է ցոյց տալիս»:

Սիրիայի պաշտպանութեան նախարարութիւնը յայտնեց, որ թրքական հակաօդային պաշտպանութեան ուժերը կրակել են օդանաւին ուղղութեամբ ճիշտ այն պահին, երբ մտադիր էր յարձակում գործել Լաթաքիայի նահանգում ընդդիմադիր զինեալների դէմ: Նախարարութիւնը տեղի ունեցածը «նախայարձակման անթաքոյց դրսեւորում» նկատեց:

Մինչ այդ, «Մայադին»-ը հաղորդեց, որ Քեսապում բախումները շարունակւել են: Սիրիական բանակը մի հակայարձակում է գործել սահմանային Նապահ Միր շրջանի դէմ: Սպաննւել են մի շարք ընդդիմադիր զինեալներ, որոնց շարքին Ժապհաթ Նուսրայից Ապդելմուհսեն Շարեխը, ով ծանօթ է «Ուասիքուլլահ» անունով, ինչպէս նաեւ Օմար Մուխթար ջոկատի ղեկավար Մոհամեդ Քաֆիը:

Թրքական «Սոլհաբեր» օրաթերթը հաղորդեց, որ Քեսապի դէմ յարձակում գործած «ահաբեկչական խմբաւորումներն» իրենց յարձակումը շղթայազերծել են Թուրքիայից:

Թրքական «Գրանդ Աֆերզ» օրաթերթը նշեց, որ զինեալները թրքական օդային պաշտպանութիւն են ստանում` աւելացնելով, որ «Թուրքիան եւ Քաթարը քաղաքական իրենց դիրքը փոխելուց առաջ վերջին պատգամները են ուզում փոխանցել»:

Թրքական «Գրանդ Սթրաթեջի» թերթն իր կարգին նշում է, որ հիւսիսային Սիրիայի դէմ յարձակման նպատակը Եաբրուդի, Քալամունի եւ Քալաաթ Հոսնի մէջ իր արձանագրած յաջողութիւններից յետոյ սիրիական բանակին թափը կտրելն է: