Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի վարչական դատարանը ժամանակաւորա-պէս կասեցրել է ոստիկանութեան հետախուզական վարչութեան նախկին ղեկավար Ռամազան Աքիւրեքի մասնագիտական լիազօրութիւնները: Նա Տրապիզոնի ոստիկանապետի պաշտօնը զբաղեցրել է 2006-2009 թւականներին, այսինքն, երբ իրականացւել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանութիւնը:

Աքիւրեքը մեղադրւում է այդ սպանութիւնը կանխելու գործում ցուցաբերած անփութութեան մէջ: Իսկ իր լիազօրութիւնների ժամանակաւոր կասեցման մասին ծանուցագիր է ստացել այն պատճառով, որ վերացրել է որոշ տեղեկութիւններ, որոնք ըստ քննիչների՝ կարող են առնչութիւն ունենալ այն ժամանակահատւածի հետ, երբ Դինքը սպառնալիքներ էր ստանում: Ոստիկանները նրա մօտից առգրաււել են նաեւ իր ծառայողական վկայականը եւ զէնքը:

Ի դէպ, Դինքի սպանութիւնից յետոյ Աքիւրեքը պաշտօնական առաջխաղացում ունեցաւ: Նախ նա նշանակւեց Ռազմավարութեան զարգացման վարչութեան պետ, ապա կրկին ղեկավարող պաշտօն ստացաւ ոստիկանական բաժանմունքում: Աւելի ուշ Թուրքիայի Ներքին գործերի նախարարութիւնը Աքիւրեքին հեռացրեց այդ պաշտօնից եւ Ռազմավարութեան զարգացման վարչութիւնում փորձագէտ նշանակեց: Այստեղ նա պաշտօնավարեց մինչեւ 2013 թւականի դեկտեմբերի կոռուպցիոն սկանդալը: Իսկ երբ դրանից յետոյ տեղեկութիւններ շրջանառւեցին, որ Աքիւրեքը կապ ունի այդ կոռուպցիոն գործի ենթադրեալ հեղինակ Ֆեթուլլահ Գիւլենի հետ, Թուրքիայի ներքին գործերի նախարարութիւնը յայտարարեց, թէ Դինքի սպանութեան հարցում նրա ցուցաբերած անփութութեան հետեւանքով ոստիկանական բաժանմունքը կորցրել է իր արժանահաւատութիւնը: