Աղբիւր՝ www.alikonline.ir
Կեանքի 93-րդ տարում վախճանւել է ամերիկահայ ճանաչւած գիտնական, իրաւագէտ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատւաւոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, Հայոց Ցեղասպանութեան պատմաբան եւ Զօրեան հաստատութեան Ցեղասպանութեան ուսումնասիրման գծով տնօրէն Վահագն Տատրեանը:
Վահագն Տատրեանը ծնւել է 1926 թւականին Ստամբուլում։ Ըստ «Վիքիպեդիա»-ի՝ նա աւարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմութեան եւ Ցիւրիխի համալսարանի միջազգային իրաւունքի ֆակուլտետները։ 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասաւանդել Նիւ Եօրքի համալսարանում, միաժամանակ՝ եղել է Հարւարդի համալսարանի Միջին Արեւելքի ուսումնասիրութիւնների եւ Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրութիւնների կենտրոնների աւագ գիտաշխատող։ 1990-ականներին եղել է Հ. Ֆ. Գուգենհայմի ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ծրագրի տնօրէն։ 1991 թւականից Զօրեան ինստիտուտի (Տորոնտօ եւ Քեմբրիջ) ցեղասպանութեան հետազօտութիւնների ծրագրի գիտական տնօրէնն էր։
Տատրեանը համեմատական ցեղասպանագիտութեան հիմնադիրներից է։ Յատկապէս արժէքաւոր են «Հայկական ցեղասպանութիւնը խորհրդային եւ պատմագիտական քննարկումներով» (հայերէն, 1995), «Հայոց Ցեղասպանութեան մէջ գերմանական պատասխանատւութիւնը։ Պատմական ապացոյցի ստուգաբանութիւն» (անգլերէն, 1996), «Ցեղասպանութեան երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտութեան գլխաւոր բաղադրատարրեր» (անգլերէն, 1998) մենագրութիւնները։ Միջազգային իրաւունքի համատեքստում Հայոց Ցեղասպանութեան վերլուծութեանն է նւիրւած «Ցեղասպանութիւնը որպէս ազգային եւ միջազգային իրաւունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին եւ նրա նկատմամբ ժամանակակից իրաւական վերաբերմունքը» (անգլերէն, 1989) աշխատութիւնը։
Վահագն Տատրեանը պարգեւատրւել է ՀՀ Մովսէս Խորենացու մեդալով, «Վերիտաս» ոսկէ մեդալով (Հարւարդի համալսարան), Ռուսաստանի հայերի միութեան ոսկէ մեդալով, ՀՀ ԳԱԱ ոսկէ յուշամեդալով, Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտէի Ֆրիտեօֆ Նանսէնի ոսկէ յուշամեդալով (Ցեղասպանագէտ գիտնականների միջազգային ասոցիացիա), Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալով, ՀՀ նախագահի ոսկէ մեդալով։