Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Պաշտօնական Բաքուն բողոքի նոտա է յղել Ուրուգւայի կառավարութեանը՝ այդ երկրում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլեանի գլխաւորած պատւիրակութեանը հիւրընկալելու համար:
Իսկ Ուրուգւայում պատւիրակութեան քաղաքական հանդիպումները շարունակւում են: Պատւիրակները հանդիպել են աշնանը կայանալիք Ուրուգւայի նախագահական ընտրութիւններում առաջադրւած իշխող եւ ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերի թեկնածուների հետ, աւելի վաղ նաեւ Ուրուգւայի փոխնախագահ, խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ:
Նախարար Մայիլեանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ներկայ փուլը:
Յիշեցնենք, որ այցի շրջանակում Արցախի արտգործնախարարը մասնակցել է նաեւ Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած մի շարք միջոցառումների, այդ թւում՝ Մոնտեվիդեոյի «Ազատութիւն» եւ «Հայաստան» հրապարակներում հանրահաւաքներին, Ուրուգւայի խորհրդարանում ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոթինոյի եւ Հայ Դատի յանձնախմբի համատեղ ջանքերով կազմակերպւած միջոցառմանը: