Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրքիայի հրատարակչական հրապարակի վրայ վերջերս իրարայաջորդ կերպով տպւում են գրքեր, որոնք այս կամ այն տեսանկիւնից անդրադառնում են Հայոց ցեղասպանութեանը։ Նորագոյն երկու գրքերը գալիս են «Փենջերէ» հրատարակչատնից։ Այս հրատարակչատունն իր հարուստ հրատարակութիւնների մէջ Հայկական հարցին կամ հայ հեղինակների գործերին եւս տեղ է տւել։ Օրինակ՝ այժմ հրատարակել է քանադաբնակ Յակոբ Խաչիկեանի նշանաւոր «Արեւը այդ ամառ բնաւ չծագեց» վէպի թրքերէն թարգմանութիւնը։
Երկու նոր գրքերից առաջինը Արշալոյս Մարտիկանեանի «Բզկտւած Հայաստան» («Ravished Armenia») գիրքն է, որ ներկայացւում է «Հայերի Ժան Տարքը» ենթախորագրով։ Տիրան Լոքմակէօզեանի թարգմանութեամբ հրատարակւած այս գիրքը ականատեսի վկայութիւններ է բերում 1915-ի ողբերգութիւնից։ 1918-ին գրւած այս գրքին սկզբում Մարտիկանեանը գրել է, թէ այս գիրքը նւիրւում է ամերիկացի ժողովրդին, որպէսզի նա տեսնի, թէ իրենց հաւատին հաւատարիմ մնացած հայերն ի՛նչ չարչարանքների են ենթարկւել։ Հեղինակն ականատես է դարձել իր մօր եւ հօր մահւան՝ չարչարանքների տակ, ինչպէս նաեւ հազարաւոր մայրերի եւ աղջիկների ստրկութեան, որովհետեւ նրանք չէին ուզել ուրանալ իրենց կրօնը։ Այս ցնցիչ տողերով բացւում է սոյն թարգմանութիւնը, որ իր 220 էջերի մէջ խօսում է հեղինակի ապրած դժւարութիւնների մասին: Գրքի կողքի վրայ գրւել է, որ այս վէպը ժապաւէնի է վերածւել ժամանակին, բայց այդ ժապաւէնը խորհրդաւոր կերպով անհետացել է եւ դրանից միայն մի մաս է գտնւել վերջերս:
«Փենջերէ» հրատարակչատան երկրորդ գիրքն է Այդա Գույումջեանի «Երկու Գետերի Միջեւ» վէպը, որ ներկայացւում է որպէս «Հայոց ցեղասպանութեան մի պատմութիւն»: Այստեղ եւս աւելի քան 300 էջերի վրայ պատմւում են այն տխուր պատմութիւնները, որոնք ցոլացնում են այն՝ ինչ հայ ժողովուրդը չի կարողացել մոռնալ, երբէ՛ք։ Այս կերպով թուրք ընթերցողներն իմանում են, թէ 1915-ի կոտորածների մասին միայն պատմաբանները չէ որ անհամար գրքեր են գրի առել, այլ այս փոթորկից վերապրած, բայց իրենց մերձաւորների ճակատագիրը տեսած բազմաթիւ անհատներ եւս գրի են առել իրենց անձնական յուշերը։