Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Ակօս» շաբաթաթերթը գրում է, որ թրքական «Անատոլու» լրատու գործակալութիւնը պատրաստել է պատմական Հայաստանի Անի քաղաքին նւիրւած մի ակնարկ, որտեղ փորձում է «ջնջել» հայկական հետքը: Ըստ պաշտօնական գործակալութեան համբաւ ունեցող «Անատոլու»-ի, 7 հազար տարւայ պատմութիւն ունեցող քաղաքի առաջին բնակիչները թուրքերն են, իսկ Անիի ամենից կարեւոր մշակութային ժառանգութիւնը` մզկիթները:
«Ակօս»ը «Անատոլու»-ի այս քայլը համեմատում է 2008-ին Թուրքիոյ մշակոյթի նախարարութեան կողմից Անիի վերաբերեալ պատրաստած պատմական մի ակնարկի հետ, որտեղ «հայ» բառը ընդհանրապէս տեղ չէր գտել:
«Անիի պատմութեանը նւիրւած նիւթում բոլորը կան` բացի հայերից»,- շարունակում է «Ակօս»ը: Այսպէս` իբրեւ Անիի առաջին բնակիչներ ներկայացւում են սաքա թուրքերը, որոնք իբրեւ թէ քաղաքում հաստատւել են Ք.ա. 5000-ական թւականներին, ապա յիշատակւում են տարբեր ժամանակներում քաղաքի մէջ իշխած տարբեր պետութիւններն ու իշխանութիւնները` Սասանեանները, Բաղրատլը իշխանութիւնը (Բագրատունիները. «Ա.»), Շատտատեանները, վրաց աթաբեկները, մոնկոլները, քարաքոյունլուները, աքքոյունլուները, օսմանեան եւ ռուսական կայսրութիւնները:
Թուրքիոյ մշակոյթի նախարարութեան քննադատութիւնից յետոյ` «Անատոլու» գործակալութիւնը Անիի մէջ եղած քաղաքակրթութիւնների շարքից հանել է այսպէս կոչւած սաքա թուրքերը եւ դրա փոխարէն տեղ յատկացրել ուրարտացիներին: «Ակօս»-ը ուշադրութիւն է դարձնում նաեւ այն հանգամանքին, որ Բագրատունիների մասին խօսելու ժամանակ նրանց ազգային ծագումը չի ներկայացւում:
Վերջերս թրքական մի շարք թերթեր գրել էին, որ հայ զբօսաշրջիկները մեծ վնաս են հասցնում Անիին: Պատմամշակութային ժառանգութեան պահպանումով մտահոգւած` շրջանի բնակչութիւնը դիմել էր համապատասխան մարմիններին` ասելով, թէ պէտք է կանխարգելիչ քայլերի ձեռնարկել: Թուրքերը յատկապէս վերջին շրջանում ոչ թէ «Անի» են գրում, այլ` «Անը» (Թրքերէն «յուշ»)` պնդելով, որ դա քաղաքի իսկական անունն է: