Աղբիւր՝ www.asbarez.com
Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը տեղեկացնում է, թէ Քոնգրեսում կատարւած յայտարարութիւնների միջոցով, Քոնգրեսում Հայկական համախմբումի համանախագահ Ֆրենք Փալոնը եւ քոնգրեսականներ Ջուդի Չուն, Գերի Փիթըրզը եւ Լինդա Սանչեզը ոգեկոչել են Սումգայիթի կոտորածների 26-րդ տարելիցը:
Քոնկրեսականները նաեւ լուսարձակի տակ են առել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի կողմից Հայաստանի եւ Արցախի դէմ շարունակւող սպառնալիքները:
«Յանուն ազատութեան եւ ընդդէմ հայերի դէմ իրականացւող խտրականութիւնների տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցոյցերի պատասխանը եղան բռնութիւնները Սումգայիթի հայերի դէմ, որոնք գտնւում էին հարիւրաւոր մղոն հեռու, անպաշտպան: Նրանք յարձակումների թիրախ դարձել էին միայն իրենց հայկական ծագումի պատճառով: Իսկական ժողովրդավար երկրները պէտք է յարգեն փոքրամասնութիւնների իրաւունքները եւ բոլորի մարդկային իրաւունքները»,- նշել է Փիթըրզը:
Իր կարգին, Չուն ցաւ է յայտնել, որ իր ապագան ազատ կամքով որոշելու Արցախի ժողովրդի ցանկութիւնը բախել է ադրբեջանական բռնի ուժին եւ վայրագութիւններին, «որոնք յիշեցրել են Հայոց ցեղասպանութեան ողբերգական իրադարձութիւնները»:
Սանչեզը, հրապարակայնօրէն ելոյթ ունենալով նման ոճրագործութիւնների դէմ՝ յոյս է յայտնել վերահաստատելու Միացեալ նահանգների նւիրւածութիւնը՝ հակամարտութեան երկարաժամկէտ, խաղաղ եւ ժողովրդավարական լուծման քաղաքականութեան:
«Իբրեւ Հայկական համախմբումի հիմնադիր եւ համանախագահ, շարունակում եմ օժանդակել խաղաղութեան եւ ապահովութեան հաստատման գործին՝ ամբողջ Կովկասի մէջ: Յոյսով եմ տեսնել այն օրը, երբ հայ ժողովուրդն այլեւս պիտի չգտնւի նման յարձակումների ենթարկւելու մտավախութեան դիմաց»,- իր կարգին ասել է Փալոնը:
Մի շարք այլ քոնգրեսականներ եւս անցեալ շաբթւայ ընթացքում դատապարտել էին Սումգայիթի ջարդերը՝ միաժամանակ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին: